2023 թվականի սկզբից սոցիալական մեդիայի հարթակը ողողվել է «Խոսում են երիտասարդները» հեշթեգով գրառումներով։ Ի՞նչ են խոսում երիտասարդները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում, եւ վերջապես ո՞ւմ նախաձեռնությամբ են երիտասարդներին հուզող հարցերը տարածվել համացանցում:
Բազմաճյուղ այս մեդիա նախագիծը մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի ջանքերով 2023 թվականի հունվարից:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է՝ միայն խնդիրներ բարձրաձայնելն ու բողոքելը հարցին լուծում չեն տա: Կարեւոր է, որ երիտասարդը զգա իր դերն ու նշանակությունը հասարակության մեջ, իրավունքի կողքին էլ պարտականությունը գիտակցի:
Որպեսզի երիտասարդը ոչ թե խոսի-անցնի իր հիմնախնդիրներից, այլ առաջարկի դրանց լուծման ուղիները, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շուրջ 15 երիտասարդների ուժերը մեկտեղեց լրատվադաշտի գիտակների փորձի հետ: Տարբեր մասնագիտություններ ընտրած երիտասարդները նախ խորացված վերապատրաստում անցան, ուսումնասիրեցին լրահավաքության, տաղավարային նկարահանումների, կապի եւ հեռուստամոնտաժի նրբությունները:
Գործնական հմտություններով զինված ստեղծագործական թիմը ամիսներ շարունակ շրջեց Հայաստանի մարզերում, սակայն չբավարարվեց միայն մարզկենտրոնների երիտասարդներին լսելով: Մասնակիցներն ասում են՝ տեսախցիկն ամրագրել է անգամ այն համայնքների խնդիրները, որտեղ երբեւէ լրագրողի չէին տեսել:
Մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքի շնորհիվ թիմը հանրայնացրեց նոր ասելիքով 10 հաղորդաշար: Հստակ ու փաստերով արձանագրեց, որ երիտասարդների հիմնական խնդիրը զբաղվածության, աշխատատեղերի եւ ժամանցի վայրերի պակասն է: Գտան ու լուսաբանեցին նաեւ ակտիվ երիտասարդների, որոնք գործուն քայլերով իրենց համայնքներում կարծրատիպեր են կոտրել, գործ արել՝ փոխելով ոչ միայն իրենց, այլեւ շրջապատի մարդկանց կյանքի որակը:
Հաղորդաշարերում նաեւ հստակ կոչ կար՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմիններին, որ աջակցեն երիտասարդների նախաձեռնողականությանը եւ համայնքներին վերաբերող որոշումներ կայացնելիս ապահովեն նրանց մասնակցությունը:
Հաղորդաշարի խմբագիր, լրագրող, լրագրության երկարամյա դասախոս Նունե Արեւշատյանը գոհ է երիտասարդների աշխատանքից: Փորձառու լրագրողն ասում է՝ Գյումրիում լրատվությունը միշտ եղել է դիպուկ ու սուր, լրագրողն էլ՝ քննադատ, բայց մտավախություն կար, որ սերնդափոխության գործընթացը դանդաղում էր: Այժմ հանգիստ է. լրատվադաշտը համալրվել է բանիմաց, երիտասարդ, թարմ ասելիքով լրագրողներով: Ի դեպ, նրանցից շատերն էլ աշխատանքի առաջարկ են ստացել:
Ծրագրի երկրորդ բաղադրիչը փորձառու լրագրողների համար էր նախատեսված: Որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները կարեւորեն երիտասարդության օրակարգը, ճիշտ ներկայացնեն երիտասարդական քաղաքականությունը եւ աշխատանքը, վերապատրաստման դասընթացի մասնակցեցին:
Հանրապետության մարզերից 24 լրագրողներ Ծաղկաձորում չորս օր զարգացրին երիտասարդության հիմնախնդիրները վերհանելու կարողությունները:
Նշենք, որ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործում է 2008 թվականից: Այն բաց է Հայաստանում ապրող բոլոր երիտասարդների համար:
Երիտասարդները կարող են մասնակցել լեզուների ակումբների, աշխատարանների, տեղական եւ միջազգային փոխանակման. ուսնակների ծրագրերի, ճամբարների, դասընթացների, ուսումնական այցերի, հետազոտական ուսումնասիրությունների եւ շահերի պաշտպանության արշավների դեռահասների եւ երիտասարդների համար:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։