Նայեցի Ռիդլի Սքոթի «Նապոլեոնը»։ Հիասթափությունն ու տարակուսանքը թերեւս ամենամեղմ գնահատականներն են, որ կարելի է տալ ֆիլմին։
Նաեւ կարելի է ավելացնել ափսոսանքը։ Չէ՞ որ ֆիլմի վրա ծախսված հսկայական ռեսուրսներով եւ դերասանների այդ աստղաբույլով իսկապես հնարավոր էր հանճարեղ ու հավերժական սագա կերտել, ինչպիսին է, օրինակ՝ «Ջոկեր» ֆիլմը։
Մարդկանց մի զգալի մասը ֆիլմը քննադատում է պատմական անճշտությունների ու Նապոլեոնի կերպարի ձեւախեղման պատճառով։ Ֆրանսիացիներն էլ բողոքում են Ֆրանսիայի կայսեր զուտ անգլիական, հակաֆրանսիական ու հակաբոնապարտիստական մեկնաբանությունից։ Իհարկե, բոլոր այս դատողությունների հետ էլ կարելի է համաձայնել, բայց կարծում եմ, դրանք դրվագային ու երկրորդային են։
Գեղարվեստական ֆիլմը կարող է եւ չունենալ պատմական ճշգրտություն։ Անհեթեթ է արվեստից գիտական ապացուցողականություն ակնկալելը։ Ես խնդիր չեմ տեսնում նույնիսկ Բոնապարտի կերպարի բացասական, զուտ անգլիական մեկնաբանության մեջ։ Իսկապես նրան հնարավոր չէ միանշանակ ընկալել, նա իր մեջ է ամփոփում մարդկային բոլոր հնարավոր դերերն ու որակները․ իսպանացիների հակաքրիստոսը, լեհերի ու բալկանյան ժողովուրդների ազատարարը, անգլիական ծովային առյուծին սպառնացող «փոքրիկ կապրալը», ժողովուրդների բանտի՝ Ավստրիայի մահակը, գերմանական ազգայնականության հրձիգը եւ ռուս զորահրամանատարներին մեծագույն պատիվ շնորհողը։
Նապոլեոնը շատ-շատ է, իսկ նրան վերագրվող գնահատականներն ու մակդիրները՝ անհաշվելի։ Եվ այս բազմազանության մեջ տրամաբանական հարց է առաջանում, թե կայսեր որ դրսեւորումն է դարձել Ռիդլի Սքոթի ստեղածոգործական հենարանը կամ գործելու շարժառիթը։
Հանճարեղ զորահրամանատարը, քաղաքացիական կոդեքսը, Միացյալ Եվրոպայի գաղափարը, կնատյաց ու սեքսիստ ալֆա-որձը, թալանչի ագրեսորը, իտալական խոսվածքով եւ տառասխալներով ֆրանսերեն գրող մաթեմատիկոսը, լուսավորական գաղափարներով տոգորված կիսաքաղց լեյտենանտը եւ այսպես շարունակ։
Ցավոք, Ռիդլի Սքոթի ֆիլմում բացակայում են բոլոր այս կերպարները։ Ավելին՝ այնտեղ ներկա չէ նաեւ հենց Նապոլեոնը։ Ֆիլմը նրա մասին չէ։ Հետեւաբար անհեթեթ է դառնում նաեւ նապոլեոնաֆիլների ու հակաբոնապարտիստների բորբոքված բանավեճը, քանի որ Ռիդլի Սքոթի գլխավոր հերոսը ո՛չ մեծ պատմական անհատականություն է եւ՛ ոչ էլ գերագնահատված, մարդակուլ գեներալ։
Խնդիրն այն է, որ նրա Նապոլեոնն անդեմ է, չունի խառնվածք ու բնավորություն։ Տեղ-տեղ էլ տպավորություն էր ստեղծվում, թե գեներալական համազգեստի մեջ է Ֆենիքսի ոչ վաղ անցյալի հերոսը՝ Ջոկերը։
Ընդհանրապես ֆիլմը չունի միասնական կառույց, այն դիպվածային է։ Մեկը մյուսին հաջորդում են աղքատիկ երկխոսությունները, սեքսը եւ քաղաքական կամ ռազմական իրադարձությունները, որոնց մեջ բացակայում է միավորող հյուսվածքը։
Ֆիլմի միակ կապող ուժը Բոնապարտի եւ Ժոզեֆինայի անասնային բնազդներն են։ Հենց բնազդները, այլ ոչ թե մարդկային զգացողությունները՝ սերը, դավաճանությունը, երեխա չունենալու ողբերգությունը եւ ի վերջո անտարբերությունը։ Մարդկային տառապանքը փոխարինված է կենդանական անհաղորդ ռեֆլեքսիայով։
Անհրաժեշտ է նկատել, որ Նապոլեոնից ու Ժոզեֆինայից բացի՝ ֆիլմում այլ կերպարներ չկան։ Թալեյրանը, Ֆուշեն եւ դարաշրջանի մյուս խոշորագույն անհատականությունները զրկված են ինքնուրույնությունից ու սեփական պատմությունից։ Նրանք շահագործվող միավորներ են՝ ստեղծված բավարարելու Բոնապարտի կրքերը։
Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ արժեք ու բովանդակություն է փոխանցում մարդկությանը Ռիդլի Սքոթը։ Ո՞րն է նրա ուղերձը։ Նա նույնիսկ չի կարողացել Նապոլեոնին զուտ անգլիական մեկնաբանությամբ կերտել։ Վաթեռլոոյում Վելլինգտոնի շոտլանդական հեծելազորի վուլգարացված վեհությունը չի փրկում իրավիճակը։ Նույնիսկ հղում չկա ժամանակի անգլիական մամուլին, որը ողողված էր Բոնապարտին հեգնող ծաղրանկարներով։
Եթե հարցը պատմագիտության տեսանկյունից դիտարկենք, ապա խնդիրն այն չէ, որ ֆիլմը ողողված է կեղծիքով ու ապատեղեկատվությամբ, պարզապես նրա մեջ բացակայում է հենց ամենակարեւորը՝ պատմության ժամանակը։ Ավելին՝ ժամանակը ֆիլմում քարացած հասկացություն է, լեյտենանտ Բոնապարտը ոչնչով չի տարբերվում Սուրբ Հեղինեում բանտարկված կայսրից։ Չի երեւում այրիացած կենսուրախ Ժոզեֆինայի ու պալատական ինտրիգների մեջ ներքաշված, չբեր կայսրուհու տրամաբանական տրանֆորմացիան։
Տպավորություն կար, թե Ռիդլի Սքոթի ֆիլմը քողարկված հղում էր 20-րդ դարին՝ փորձելով Բոնապարտին Հիտլերի եւ Ստալինի հետ տեղավորել նույն ափսեի մեջ։ Այս ենթադրության շարժառիթը ֆիլմի վերջում հրապարակված նապոլեոնյան պատերազմների զոհերի ցանկն է։ Այսինքն, ըստ ռեժիսորի, պատերազմների ու զոհերի միակ պատասխանատուն հենց Բոնապարտն է։
Հաբսբուրգները, Ռոմանովները եւ բրիտանացի գաղութարարները ապրում էին խաղաղության մեջ, եւ այդ մարդակուլ «փոքրիկ լեյտենանտը» եկավ ու համաեվրոպական պատերազմ հրահրեց։ Միայն այս դրվագը բավական է նշելու, որ մեծ ռեժիսորի՝ Ռիդլի Սքոթի ուղեղը խցանված է կեղծ պացիֆիստական գոմաղբով, որը գունազարդված է կնոջ եւ տղամարդու կենդանական բնազդներով։
Սա է «Նապոլեոն» ֆիլմը՝ անդեմ, անժամանակ, առանց հղումների ու վուլգար կեղծարարությամբ։ Դրա թերեւս ամենակործանարար հարվածը մարդու ապամարդկայնացումն է։
Հանուն արվեստի կարելի է եւ նույնիսկ պարտադիր է նահանջել պատմությունից։ Ի վերջո պատմագիտությունը կարող է փոխարինվել գրականության հղումներով (Ստենդալ, Ցվայգ, Տոլստոյ)։ Դա ընկալելի կլիներ միայն այն դեպքում, երբ կինոն իսկապես գեղարվեստական արժեք ունենար եւ ինչ-որ ասելիք փոխանցեր մարդկությանը, բայց Սքոթի «Նապոլեոնը» ոչնչի մասին էր, ավելի շուտ՝ Նապոլեոնի 21-րդ դարի լղոզված, կոմպլեքսավորված, զանգվածային, պոլիտ կոռեկտ եւ ապամարդկայնացված մեկնաբանությունը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։