Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին նոյեմբերի 29-ին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց զանգվածային տեղահանումից հետո Կարմիր խաչի աշխատակիցները բարձրախոսներով շրջել են ԼՂ քաղաքներում, գյուղերում, փնտրել են մարդկանց, որոնք չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում:
Ռոբերտ Մարդինին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել է շուրջ 20 տարեց ու հաշմանդամություն ունեցող անձ, որոնք չեն կարողացել մեկնել Հայաստան։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրենը նշել է, որ ապահովել են շուրջ 50 անապահով մարդկանց անվտանգ տեղափոխությունը Հայաստան: «Նրանցից շատերը վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել Ղարաբաղում մնացած քիչ հայերի հետ՝ օգնելով նրանց վերամիավորվելու Հայաստանում իրենց ընտանիքների հետ, կապ պահպանելու նրանց հետ հեռախոսով կամ տեսակապով»,- ասել է Մարդինին։