Գյումրու կամերային երաժշտության դահլիճում նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Համերգի ավարտին հայտարարվել էր նախաձեռնության մասին. գոյացած հասույթով երաժշտական գործիքներ են գնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գյումրի տեղափոխված, արվեստի ու երաժշտական դպրոցներում սովորող, երաժշտական գործիքի կարիք ունեցող չորս աշակերտի համար։
Արդեն գնվել եւ երեխաներին են փոխանցվել 3 դաշնամուր եւ 1 ջութակ։
Աշոտ Մաթեւոսյանը սովորում է Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 6-րդ դասարանում: Ընտանիքը տեղափոխվել եւ ապրում է Ախուրյան գյուղում: Դաշնամուրի համար տանը բոլորն են ուրախ, բայց դռների մոտ անհամբեր կանգնած են Աշոտն ու պապը:
Միքայել Համբարձումովը սովորում է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Տիրապետում է երկու գործիքի: Ստեփանակերտից դուրս գալիս առաջինը ակորդեոնն է վերցրել: Հիմա միայն դաշնամուրի է հաճախում: Հստակ չի որոշել, բայց առայժմ դաշնակահար դառնալ է ուզում: Մայրն ու քույրերը եւս երաժիշտներ են. դաշնամուրը պետք էր բոլորին: Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:
Վիկտոր Հարությունյանը սովորում է Արմեն Տիգրանյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 3-րդ դասարանում: Տպավորված է մաեստրո Մլքեյանի հետ հանդիպումից: Դաշնամուր Ստեփանակերտի տանն էլ չկար. Գյումրիում երազանքն իրականացավ: Նվագող բժիշկ է դառնալու: Պատմում է, որ երբ սեպտեմբերին սկսեցին կրակել, հասկանում էր՝ ինչ է կատարվում, երեք տարեկան քրոջն ասում էր՝ կայծակ է: Գյումրի հասնելուց հետո առաջին խանութում մայրիկին ասել է՝ շա՛տ կոնֆետ առ, քանի բլոկադան այստեղ չի հասել: Հիմա տան կոնֆետները սիրով մեզ է առաջարկում, տանտիրոջ իրավունքով շամպայն հյուրասիրում:
Ռոքսանա Գալստյանը սովորում է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի լարային բաժնի 6-րդ դասարանում: Քչախոս է: Որ ջութակի համար ուրախ է, հայրն ու ուսուցիչներն են հուշում: Խոստացել է շատ պարապել, հիմա արդեն՝ նաեւ տանը:
Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցներում այժմ սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Գյումրի տեղափոխված 7 աշակերտ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։