Նոյեմբերի 29-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրագործած էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, եւ վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։
Զրուցել է նաեւ Դեյվիդ Քեմերոնի հետ
Ավելի ուշ ՀՀ արտգործնախարարը Սկոպյեում՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում, շփվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։ «Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Քննարկել ենք վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձել ենք տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում զարգացումներին»,- X-ի իր գրռման մեջ նշել է Միրզոյանը։