Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 30-ին հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում դրամական պահանջով հայցադիմումի համար տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1,5-ապատիկը, դարձնել հնգապատիկ:
Այսպես, եթե դատարան դրամական պահանջ ներառող հայցադիմում ներկայացվի, պետք է վճարվի պետական տուրք` հայցագնի 2%-ի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։ Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։
Ըստ «Հրապարակի»՝ պետական տուրք է սահմանվում նաեւ պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 %-ի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից եւ չի կարող ավելի լինել 15 միլիոն դրամից։ Այսինքն՝ եթե պայմանագիրը խոշոր գումարի, ասենք՝ 375 միլիոնի մասին է, ապա դատարան դիմողը պետք է 15 միլիոն պետտուրք վճարի»: