Ներկա պահին Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում։ Նոյեմբերի 30-ին Երեւանում անցկացված մամուլի ասուլիսում դրա մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Նա հավելել է, որ նշված 55-ից 6-ը քաղաքացիական գերի, 41-ը ռազմագերի, եւ 8-ը նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչներ են: Վերջիններս էլ համարվում են քաղբանտարկյալներ:
«Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարել է առնվազն 80 անձի (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք), որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն արվում»,– ընդգծել է իրավապաշտպանը։ Իրավապաշտպանը նշել է, որ հայրենիք վերադարձած բոլոր ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք պատմել են գերեվարման ընթացքում վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին։
Սահակյանի տվյալներով` այս ամբողջ ժամանակահատվածում, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը չհաշված, գերիները չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որեւէ անկախ կառույցի հետ։ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Կարմիր խաչի աշխատակիցների այցելություններն էլ շատ դեպքերում ուշացած են եղել։ «Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում մենք 2-3 շաբաթ անց կարողացանք տեղեկություն ստանալ առաջին այցելության մասին»,- նշել է Սահակյանը։
«Կարծում ենք, որ խոշտանգումները կանխող մեխանիզմներ Ադրբեջանում չկան, եւ միջազգային այցելությունների բացակայության պայմաններում այս անձինք շարունակում են ենթարկվել խոշտանգումների, անմարդկային եւ վատ վերաբերմունքի»,– շեշտել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը։