Մերձավոր Արեւելքի հայկական համայնքները կանգնած են 4 գլխավոր մարտահրավերների առջեւ։ Նոյեմբերի 30-ին հայտնել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը։
Երեւանում անցկացված «Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ եւ փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ դեսպանը շեշտել է, որ այդ մարտահրավերներից են հայ համայնքի նոսրանալու վտանգը, արեւմտահայերենի պահպանման խնդիրը, եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքը, ինչպես նաեւ հայի ինքնության պահպանման հարցը։
Դիվանագետն այնուհետեւ անդրադարձել է հայ համայնքին ուղղված Սիրիայի կառավարության կատարած ակտիվ աշխատանքներին: Ըստ դեսպանի՝ դրա վառ ապացույցը Սիրիայում հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարաններն են, հայոց լեզվի եւ հայերենով կրոնի դասավանդումը։ Նորա Արիսյանը հավելել է, որ Սիրիայի տարածքում շատ են հայկական կազմակերպությունները:
«Սիրիայի կողմից տրամադրվող աջակցությունը մշտական բնույթ է կրում եւ ցուցաբերվում է նաեւ Սիրիայում պատերազմից հետո»,- ընդգծել է Հայաստանում Սիրիայի դեսպանը։
Նշենք, որ Նորա Արիսյանը Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել 2022-ի մայիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով: