Անշարժ գույքի վարձակալությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները դեկտեմբերի 1-ից մտան ուժի մեջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատերերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չեն վճարում։
Օրինազանցների համար սահմանվել է տուգանք` անշարժ գույքի կադաստրային արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 միլիոն դրամը։
Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են՝ ընդունված փոփոխություններով փորձ է արվում անօրինական եկամուտները բերելու հարկման դաշտ։ Իսկ դրա համար, դեկտեմբերի 1-ից սկսած, անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները դիտարկվելու են որպես ապօրինի ձեռնարկատիրություն, թաքցնելու դեպքում քաղաքացին տուգանվելու է։