Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ՀԱՄԱՍ-ի վայրագությունները իսրայելական բնակավայրերում հանգեցրել են եվրոպական անվտանգության քաղաքականության ռազմավարության փոփոխության: Նման եզրահանգում է արել Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների գծով Ստոկհոլմի կենտրոնի վերլուծաբան Անդրեաս Ումլանդը: Նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ Եվրոպան, զգալով տոտալիտար երկրների եւ ահաբեկչական ռեժիմների վտանգը, հատուկ բարձրացնում է իր ռազմական հզորության ամրապնդման հարցը:
Վերլուծաբանի համոզմամբ՝ եվրոպացիներն առաջվա նման հույսը չեն դնելու ԱՄՆ-ի վրա։ Ըստ Ումլանդի՝ սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Բրյուսելը չի բացառում Դոնալդ Թրամփի հաղթանակը 2024-ի ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում. նորություն չէ, որ Թրամփի համար եվրոպական անվտանգությունը առանձնապես կարեւոր դեր չի խաղում։
«Այսպիսով՝ միասնական Եվրոպան պատրաստվում է դառնալու անվտանգային առումով ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ առնչություն չունեցող անկախ ռազմաքաղաքական գործոն։ Այս ամենն, իհարկե, Ուկրաինայի օգտին է, քանի որ եթե Թրամփը հաղթի, եւ Կիեւին ԱՄՆ օգնությունը սահմանափակվի, ԵՄ-ն կկարողանա պատշաճ մակարդակով օգնել Կիեւին»,- նշել է վերլուծաբանը։
Անդրեաս Ումլանդը նշում է, որ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը ամբողջ հզորությամբ աշխատելու հստակ ազդանշան ստացավ Բրյուսելից: Դա անհրաժեշտ է, որ Ուկրաինան ստանա հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր տեսակի զենքերը։ «Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի օդաչուները վերապատրաստվում են F-16 կործանիչներ վարելու համար, Նիդերլանդներն իր մարտական ինքնաթիռները փոխանցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին, իսկ Գերմանիան, Շվեդիան, Լեհաստանը եւ այլ երկրներ կտրուկ ավելացնում են զենքի մատակարարումները Կիեւ»,- նշում է վերլուծաբանը:
Բացի դրանից, ըստ նրա, Եվրոպայում մի շարք կարեւոր որոշումներ են ընդունվել, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ «ավելի հաջող հակահարձակում սկսելու» ծրագիրը կյանքի կկոչվի։