Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը: Հոբելյանի առթիվ Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը համերգային երեկո կկազմակերպի: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Այստեղ լուսային եւ ձայնային նոր էֆեկտներով կներկայացվեն տարվա 65 լավագույն բեմադրությունները, դրանց թվում՝ պատմություն դարձած «Բերդ», «Սարդարապատ», «Էնզելի», «Կակաչներ» լավագույն համարները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 28 միլիոն դրամ է հատկացրել Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ եւ աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով: Այդ հագուստներն առաջին անգամ կցուցադրվեն հենց հոբելյանական երեկոյի ընթացքում։