Իսրայելի պաշտոնյաները հոկտեմբերի հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթեր են ստացել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Իսրայել ներթափանցելու ծրագրերի մասին, սակայն լուրջ չեն ընդունել՝ դրանք չափազանց հավակնոտ համարելով։ Տեղեկությունը նոյեմբերի 30-ին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների փաստաթղթերն ու էլեկտրոնային նամակները։
Ըստ պարբերականի՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրերի վերաբերյալ 40-էջանոց փաստաթուղթը չի պարունակում գործողության ճշգրիտ ամսաթիվը, այլ նկարագրում է իսրայելական բոլոր ամրությունները, զինված ուժերի դիրքն ու հզորությունը: Իսրայելցի վերլուծաբանները համարել են, որ նման գործողության մասշտաբները դուրս են ՀԱՄԱՍ-ի հնարավորություններից. եւ այն հավակնոտ պլան են անվանել։
Ինչպես նշում է The New York Times-ը, պաղեստինյան շարժումն այս պլանին հետեւել է «զարմանալի ճշգրտությամբ»։ Պաշտոնյաները խոստովանել են, որ եթե լուրջ վերաբերվեին այդ փաստաթղթին, Իսրայելը կարող էր պատրաստվել կամ խուսափել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից: