ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային եւ կրոնական նշանակալի վայրերի եւ օբյեկտների ոչնչացման եւ յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության եւ մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ: Բաքվի վերոնշյալ քայլերը, ՄԱԿ-ի զեկուցողի համոզմամբ, կարող են վերածվել մշակութային զտումների:
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ ՄԱԿ-ի զեկուցողն ընդգծել է, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը եւ Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակույթը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն: Այդ միջազգային կառույցները մտահոգություն են հայտնել նաեւ հայկական ժառանգության ժխտման ռեւիզիոնիստական միտման կապակցությամբ:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշել է, որ գագաթնակետը կլինի հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական մոտեցման ուղղակի դրսեւորումը։ «Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները»,- եզրափակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը։
Տեղեկությունը հայտնել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է: