Իսրայելը պատրաստվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ երկարատեւ պատերազմի, որը կարող է տեւել առնվազն եւս մեկ տարի։ Նման հետեւություն է արել Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ հարձակման ամենաինտենսիվ փուլը սպասվում է 2024-ի սկզբին։ Իսրայելական հրամանատարության նպատակն է սպանել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին, շարժման ռազմական առաջնորդ Մուհամեդ ալ-Դեյֆին եւ ՀԱՄԱՍ-ի մեկ այլ բարձրաստիճան անդամ Մարվան Իսային, ինչպես նաեւ ոչնչացնել Գազայի թունելային համակարգը։
«Սա շատ երկար պատերազմ է լինելու։ Այս պահին մենք դեռ չենք հասել նույնիսկ մեր նպատակների կեսին»,- Financial Times-ին հայտնել է Իսրայելի ծրագրերին ծանոթ աղբյուրը:
Իսրայելի բարձրաստիճան զինվորականներից մեկը, որի անունը չի նշվում, պարբերականին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 10-ն արդեն «զգալի վնասներ» են կրել, սպանվել են ավելի քան 50 միջին մակարդակի հրամանատարներ եւ 5000 զինյալներ: Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Գազա քաղաքը «40%-ով օկուպացված է»։
Հիշեցնենք, որ 7-օրյա հրադադարից հետո դեկտեմբերի 1-ին վերսկսվել են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմական գործողությունները։