Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հրավիրված մամուլի ասուլին հայտարարել է, որ Արցախը եւ ՀՀ անվտանգությունը խորտակած գործող իշխանությունները, որոնք որպես իրենց ձեռքբերում խոսում են ժողովորդավարությունից, հավատացնում, թե իրենք ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին հնարավորություն են ընձեռում աշխատելու տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն դա իրականության հետ աղերս չունի:
ՀԱԿ փոխնախագահն իր հայտարարությունը հիմնավորեց մի քանի փաստով: Նա նշել է, որ ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 23-ին անցկացված վարչության նիստում ՔՊ-ն քննարկել է ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր համայնքապետներից իշխանությունը խլելու հնարավորությունները:
«Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից: Սա ընդհանուր ծրագիր է: Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է Ստալինի լոզունգը՝ ասելով, որ կարեւոր չէ, թե ով է ընտրում, այլ կարեւոր է՝ ում ձեռքին է պատժիչ մեքենան»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:
Քաղաքական գործչի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ձեռքին դարձել է գործիք, որով ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետների վրա: Վերջիններիս նկատմամբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում, որպեսզի նրանք կա՛մ հրաժարական տան, կա՛մ անցնեն իշխանության ճամբարը: Զուրաբյանը նշել է, որ ռազմապատժիչ հանձնաժողովի վերածված Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատում է իշխանության կոորդինացիայով: Ըստ ընդդիմադիր գործչի՝ այդ արշավին միացել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը, շատ դեպքերում օգտագործելով բանակի ռեսուրսները, անձամբ է կոորդինացնում այդ ճնշումները:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին հայտարարել է, որ բոյկոտելու է նաեւ Ալավերդու ավագանու նիստերը:
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» եւ ՔՊ կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» մեկ մանդատ էր ստացել․ ըստ օրենքի՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 քաղաքական ուժից։ «Ապրելու երկիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել եւ որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։ Հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ համատեղ կառավարում անցկացնելով: