Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երկու ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը։
Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես է եկել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հաշվի առնելով ՔՊ մեծամասնությանը, որը պատրաստվում էր դեմ քվեարկելու։
«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատել էր նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվել էր օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբերի 11-ին հանձնել է Ազգային ժողովին։ Նախագիծը կարող է ընդունվել միայն պատգամավորների ձայների մեծամասնությամբ: