Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում գումարվել է արտահերթ նիստ, որին մասնակցել են Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը: Վերջիններս էլ անվստահություն են հայտնել «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին եւ նոր համայնքապետ ընտրել ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:
Ըստ Tert.am-ի՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուց առաջ տեղի է ունեցել լեզվակռիվ ու քաշքշուկ ՔՊ-ականների եւ Թամազյանի կողմնակիցների, մասնավորապես՝ Մեսրոպ Առաքելյանի միջեւ: Դրանից հետո ոստիկանները դուրս են տարել Առաքելյանին, որը վերցրել էր քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու համար, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել:
Միջադեպի պատճառով առաջարկվել է նախկին քվեարկությունը համարել անվավեր եւ քվեարկել երկրորդ անգամ: Սենյակում է եղել նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս եւ Թամազյանի միջեւ եւս լեզվակռիվ է սկսվել, վիրավորանքներ են հնչել։ Ոստիկանները դուրս են տարել նաեւ Ալավերդու գործող համայնքապետ Թամազյանին։
Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Ալավերդու բնակիչները, ի պաշտպանություն համայնքապետի, համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով ՔՊ եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, եւս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիրը» եւ «Հայ ազգային կոնգրեսը»։
Դեկտեմբերի 2-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Արցախը եւ ՀՀ անվտանգությունը խորտակած գործող իշխանությունները, որոնք որպես իրենց ձեռքբերում խոսում են ժողովորդավարությունից, հավատացնում են, թե իրենք ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին հնարավորություն են ընձեռում աշխատելու տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն դա իրականության հետ աղերս չունի:
Զուրաբյանը նշել է, որ ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 23-ին անցկացված վարչության նիստում ՔՊ-ն քննարկել է ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր համայնքապետներից իշխանությունը խլելու հնարավորությունները: «Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից»,- հավելել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը: