Հնդկաստանը պատրաստ է աշխատելու Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։ «Նոր իրողություններ եւ խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ սրա մասին հայտարարել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նա նշել է, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երեւանի որոշումը։
«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու, թե ներկա իրողություններում Հայաստանն ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները»։
Դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ։
«Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, եւ մենք պատրաստ ենք աշխատելու նրա հետ, հասկանալու, թե ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»,- նշել է նա։