ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին դեկտեմբերի 5-ին «Նոր իրողություններ եւ խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ի հետ սահմանը Իրանի համար ամենակարճն է ու որակական առումով ամենալավը։
Մեհդի Սոբհանին նշել է, որ դա միշտ եղել է խաղաղության եւ բարեկամության սահման։ Իրանի դեսպանն ընդգծել է, որ ՀՀ–ն եւ Իրանը փոխադարձ շահավետ պայմանագրեր ունեն հատկապես ենթակառուցվածքների զարգացման բնագավառում: Նա հավելել է, որ ներկայում ուսումնասիրվում է այն թաքնված ներուժը, որը կնպաստի երկու երկրների հարաբերություների աճին:
«Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումը եւ հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի տնտեսության ճյուղերի եւ առեւտրի զարգացմանը, ինչպես նաեւ` ժողովուրդների միջեւ շփումների ընդլայնմանը։ Դրանք նաեւ ճանապարհ կհարթեն տարածաշրջանային մասնակցության համար»,- նշել է դեսպանը։ Նա կոչ է արել, հենվելով անցյալի վրա, մտածել նոր ուղիների մասին։