Washington Post-ը գրում է, որ Հարավային Կորեան Ուկրաինային մատակարարել է ավելի շատ արկեր, քան ամբողջ Եվրամիությունը: Եվ ըստ պարբերականի՝ այդ երկիրը դա արել է ընդամենը 41 օրվա ընթացքում՝ ծովով եւ օդով ավելի քան երեք հարյուր հազար 155 մմ տրամաչափի արկեր առաքելով Ուկրաինա:
Ի դեպ, Հարավային Կորեան, համենայն դեպս ներկա պահին, ունի 155 մմ արկերի ամենամեծ պաշարներից մեկն աշխարհում: Ըստ պարբերականի՝ ԵՄ-ն, մինչդեռ, «Մեկ միլիոն արկ Ուկրաինայի համար» նախաձեռնության շրջանակում ի վիճակի է ե՛ւ արտադրել, ե՛ւ գնել այդքան արկեր։
Սեուլը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու փաստը
Ավելի ուշ Սեուլը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Հարավային Կորեան Ուկրաինային զենք եւ զինամթերք է մատակարարում: «Մեր կառավարության դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել, ինչպես մենք բազմիցս ասել ենք, մեր զինված ուժերը մարդասիրական օգնություն եւ զինտեխնիկա են մատակարարում», — ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Չունգ Հա Կյուն։
Ուկրաինան պաշտպանական գիծը պահելու համար որպես հեռահար հրետանի է սկսել օգտագործել Leopard տանկերը։ Կիեւը երկար ժամանակ հակահարձակման համար էր խնդրում այդ տանկերն Արեւմուտքից, որն արդյունք չտվեց: Մասնավորապես, ըստ France Presse գործակալության՝ Leopard տանկերն այժմ տեղակայված են ճակատային գծի երկայնքով եւ ավելի շատ աշխատում են որպես հեռահար հրետանի, քան հարձակողական մարտական տանկեր:
Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դժվարանում են Ուկրաինային ֆինանսավորելու շուրջ համաձայնության գալ: Սպիտակ տունը զգուշացրել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցները կսպառվեն մինչեւ տարեվերջ: Եվրամիությունը նույնպես դժվարությունների է բախվում Կիեւի համար 50 միլիարդ եվրոյի (54 միլիարդ դոլար) նոր օգնության շուրջ համաձայնության գալու հարցում: