Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մասին հայտարարությանը: Ալիեւը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր հայտարարության մեջ խեղաթյուրում է փաստերը:
«Այսպիսի փորձառու եվրոպացի դիվանագետը ստում է։ Անգամ հայերն իրենք են ընդունում, որ Ղարաբաղից 100 հազար մարդ է գնացել, ոչ թե 150 հազար։ Այնպես որ, եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, ապա մեկ ամսից նա կասի, որ 200 հազար հայ է եղել։ Երեւի պարոն Բորելը երազում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ըստ Ալիեւի՝ դա սոսկ թվերի շահարկում չէ, այլ մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին մի բանի համար, որ իրենք չենք արել։
«Շատ զարմանալի է, որ Բորելի սեփական երկիրը տառապում է անջատողականությունից։ Ինչպե՞ս է այդպիսի մարդը պաշտպանելու անջատողականներին»,- ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման համար» ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին մեղադրել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Բորելի «նման կեղծ հայտարարությունները» խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը եւ Շառլ Միշելի առաքելությունը։ Նա եւս մեկ անգամ կոչ է արել ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման «սադրիչ» հայտարարություններին։
Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել: