Շվեյցարացի Դընի Բերգմանի եւ նրա հայերենի ուսուցչի՝ Աստղիկի հետ հանդիպումը հայերենով է սկսվում։ Դընին ոգեւորված պատմում է, որ երկար փնտրելուց հետո գտել է Լուսինե Մուրադյանի «Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն» գիրքը, որով պիտի շարունակի ուսումնասիրել մեր լեզուն։
Աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը չիմանալուց մինչեւ հայերեն սովորելը բաժանում է ավելի քան երկու տասնամյակ։ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չիմացած շվեյցարացին առաջին անգամ մեր երկիր է եկել 2000 թվականին։ Եկել են երկուսով՝ կնոջ հետ, վերադարձել հիվանդանոցում ծնողներից լքված հայ երեխայի որդեգրած։
Ասում է՝ այդ օրվանից սիրահարվել է Հայաստանին։ Դընին նշում է, որ հետո իմացել է՝ այդ տարիներին երեխաների վաճառքի դեպքեր են եղել։ Ինքն ուրախ է, որ ամեն ինչ օրինական են արել։ Եկել են երեխայի որդեգրելու՝ առանց նրա սեռն իմանալու։ Այդ ժամանակ էլ արդեն մի աղջիկ են ունեցել, Հայաստանից տղայի են որդեգրել։
Երեխայի հետեւից գալը շվեյցարացուն անդառնալիորեն կապել է Հայաստանին։ «Հռոմի» փոխարեն Դընիի ճանապարհները սկսել են հաճախակի բերել Երեւան։ «Բայց Հայաստանն ինձ համար Երեւանը չէ, Երեւանն էլ քաղաքի կենտրոնը չէ»,- մեր կիսահայերեն եւ կիսաֆրանսերեն զրույցի ընթացքում ասում է շվեյցարացին։
Դընին իր երկիր վերադառնալուց հետո միացել է Շվեյցարիայում 1997-ին հիմնադրված «Կազա» մարդասիրական հինադրամին որպես ֆոնդահայթայթման կոմիտեի անդամ։ «Կազան» մինչ օրս մարդասիրական բազմաթիվ ծրագրեր է անում Հայաստանում։ Այդ տարիներին հիմնադրամը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում եւ, մասնավորապես, երկրի հյուսիսում՝ նպաստելով 1988-ի երկրաշարժից ավերված գյուղերի վերաշինմանը, վերակառուցելով դպրոցներ, գիշերօթիկներ, բժշկական եւ սոցիալական կենտրոններ, ինչպես նաեւ ֆինանսավորելով սոցիալ-հոգեբանական աջակցության, զարգացման, կրթական եւ մշակութային ծրագրեր:
Դընին Հայաստան է այցելել այդ ծրագրի շրջանակում՝ ավելի մոտիկից ճանաչելով մեր երկիրն ու ծանոթանալով մարզերի կյանքին։
«Այդ տարիներին երեխաները դպրոցներ էին այցելում հին, ավերված շենքերում, երկրաշարժը քանդել էր ամեն ինչ։ Աղքատություն էր, բայց ես հիշում եմ մարդկանց արժանապատվությունը։ Այլ երկրներում նույնպես եղել եմ, շատ մուրացիկների եմ տեսել, Հայաստանում այդպիսիք չկային»,- ասում է Դընին։
Երեւանը Դընիի 2000-ականների հիշողություններում պակաս լուսավոր ու հարմարավետ էր․ քանդված փողոցներ, հին մեքենաներ։ Հիշում է քաղաքի տարբեր անկյուններում լրատվական թերթերի մեջ արեւածաղկի սերմեր վաճառող տատիկներին ու նշում, որ իրեն դուր էր գալիս, որ մարդիկ աշխատում են ու մնում բարի։ Ասում է՝ հիմա Երեւանն անճանաչելիորեն է փոխվել․ ամենուր հարուստ տեսք ունեցող մարդիկ, տներ ու ավտոմեքենաներ են, բայց մնացել է ամենակարեւորը՝ մարդամոտությունը։
«Այստեղ մարդիկ այնքան բարի են, սիրալիր, հյուրընկալ, խաղաղասեր։ Հեշտ են կապի մեջ մտնում։ Շվեյցարիայում այդպես չէ․ ամեն մեկն իր կյանքով է ապրում՝ տանը, մենակ»,- ասում է Դընին ու հիշում՝ ինչպես է ընկերների հետ Հայաստանի մարզերից մեկում տեսել բերքահավաք անող եւ անծանոթներին մրգեր հյուրասիրող գյուղացիների, ինչն իր համար անսովոր է։
Դընին մասնագիտությամբ ուսուցիչ է, դասավանդել է տարրական դասարանների աշակերտներին։ Հայկական հայտնի արտահայտությամբ է ասում՝ 40 տարվա մանկավարժ է եղել։ Հայաստանի հետ կապերն ամրապնդելու համար նա ծրագիր է սկսել Լոռու մարզի Գոգավան գյուղի դպրոցում, որի նորոգմամբ զբաղվել է «Կազան»։ Հայ ու շվեյցարացի աշակերտները տարիներ շարունակ նամակագրական կապի մեջ են եղել։ Այդ տարիներին նամակների փոխանակումը մեծ փորձություն էր․ դանդաղ աշխատող փոստարկղեր, հեռավորություն։ Փորձել են ամեն անգամ ծանոթների գտնել, որոնք Հայաստան կգային, Երեւանից էլ մարզ կուղեւորվեին։
«Ծրագիրն այնքան հաջող էր, որ գրավեց նաեւ շվեյցարացի լրագրողների ուշադրությունը։ Նրանք հարցազրույցներ էին անում հայ երեխաների հետ, որոնք պատմում էին իրենց երկրի մասին։ Երեխաներն ուրախացել էին, որ փոքրիկ Հայաստանի մասին պատմությունները շվեյցարական հայտնի ամսագրերի մեծ գխագրերում են»,- հիշում է Դընին ու հավելում, որ Գոգավանից բացի ծրագիրն արել են նաեւ Արագածոտնի Մաստարա գյուղում։
Դընին «Կազա»-ի կոմիտեում դադարեցրել է աշխատանքը մի քանի տարի անց դպրոցում դասավանդելու պատճառով, սակայն Հայաստանի ու հիմնադրամի հետ կապը չի խզել։ Իր երկրում մասնակցել է Հայաստանի վերաբերյալ բոլոր միջոցառումներին, սկսել է ինքնուրույն հայերեն սովորել։
«Ես սիրում եմ Հայաստանի ծանր պատմությունը, մարդկանց, ազգային երգուպարը, երաժշտությունը։ Իսկ լեզուն հնարավորություն է այդ մշակույթին ավելի արագ ու հեշտ ծանոթանալու։ Հայերենը ե՛ւ դժվար, ե՛ւ հեշտ լեզու է։ Դժվար է հատկապես բառապաշարը․ այլ լեզուների բառերից չկան, բայց հեշտ է, որովհետեւ հնչյուններն ու տառերը հիմնականում համապատասխանում են, ինչը, օրինակ, այդպես չէ ֆրանսերենում»,- ասում է Դընին ու պատմում նաեւ Հայաստանում լեզվի ուսուցման կենտրոն ընդունվելու մասին։
Մի քանի լեզվի տիրապետող Դընին ուրախանում է, երբ հայերը զարմանում են, որ 63 տարեկանում հայերեն է սովորում։ «Գերմանիայում օտարազգին կարող է գերմաներեն սովորել, Անգլիայում՝ անգլերեն, եւ դա ոչ ոք չի նկատի, բայց այստեղ մարդիկ ոչ միայն ուրախանում են, այլեւ շնորհակալություն հայտնում։ Ինձ այդ լայն ժպիտները դուր են գալիս»,- հայերենով ասում է Դընին։
Շվեյցարացին ցավում է՝ Հայաստանի մասին թե՛ իր երկրում, թե՛ աշխարհում շատ քիչ գիտեն, մինչդեռ այս երկրում այնքան ճանաչելու բան կա։ «Ես Հայաստան ասելիս հիշում եմ այստեղի համերը՝ տոլման, սպասը, Արարատն եմ հիշում ու բարդ, բայց գեղեցիկ այբուբենը։ Բայց սա՝ ինձ համար։ Եթե այս հարցը տաք միջին վիճակագրական շվեյցարացու, որը Հայաստանում չի եղել, ապա լավագույն դեպքում կասի «ցեղասպանություն», «պատերազմ», «աղքատություն»»,- ասում է Դընին ու նշում, թե այս տարվա նոյեմբերին Հայաստան գալիս էլ իր ընկերները զարմացել են, թե ինչու է գնում, ախր այնտեղ պատերազմ է։
«Մեծամասնությունը գիտի այն, ինչի մասին պատմում է մեդիան, իսկ մեդիան պատմում է պատերազմի մասին, մինչդեռ դրանից այն կողմ այլ Հայաստան եւ մարդիկ կան, որոնք խաղաղասեր են»։
Դընին վստահ է, որ Հայաստանի հետ իր կապն ամբողջ կյանքի համար է։ Ուզում է սահուն խոսել մեր լեզվով, լիովին հասկանալ կարդացածն ու մարդկանց։ Հույս ունի՝ մի օր ազգությամբ հայ որդին էլ կցանկանա ծանոթանալ իր կենսաբանական ծնողների հետ, եւ ինքն այդ հարցում կօգնի նրան։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: