ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնք փորձել ենք հնարավորինս սեղմ առանձնացնել:
Մասնավորապես, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օպերատիվ համաձայնեցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը: Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում էական առաջընթաց է գրանցվել:
Զախարովան շեշտել էր, որ այդ շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերելու հետագա ձգձգումը տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Հայաստանի շահերի դեմ կաշխատի:
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու սահմանազատման գործընթացին
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման անմիջական աշխատանքների ընթացքում։ Դա ենթադրում է նաեւ անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում:
Ըստ նրա՝ Ռուսաստանը ողջունել է սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական եւ կազմակերպչական հարցեր` սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկի նախապատրաստման շրջանակում:
ՌԴ-ն ողջունում է Երեւանից հնչող՝ զենքի մասին հայտարարությունները
Անդրադառնալով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը` ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարբեր երկրների արտադրության «աջափսանդալ» տեխնիկան երբեք չի նպաստում մարտունակության բարձրացմանը։ Մասնավորապես, Ֆրանսիայի մատակարարած «Բաստիոն» զրահամեքենաների մասին ասել է, որ դրանք ոչնչացման ենթակա տեխնիկա են, ինչն ակնհայտ է նույնիսկ այն իրավիճակից դատելով, որը ստեղծվել է ռազմական հատուկ գործողությունների համատեքստում։
Զախարովան ողջունել է ՀՀ ՊՆ-ի՝ դեկտեմբերի 4-ի հայտարարությունը. ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- նշել էր ՀՀ պաշտպանության փոխնախարարը։
Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 միլիոն դոլարի մասին է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։