Թուրքիայի եւ թուրքերի դեմ ցանկացած գործողություն լուրջ հետեւանքներ կունենա: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով արտերկրում ՀԱՄԱՍ-ի անդամներին ոչնչացնելու Իսրայելի ծրագրերին:
Էրդողանը հավելել է, որ Իսրայելը թուրքերին լավ չի ճանաչում: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե իսրայելական կառավարությունն ու բանակը համարձակվեն նման սխալ թույլ տալ, դրա համար ծանր գին կվճարեն։
«Նրանք, ովքեր ներկայում պաշարում են Գազան օդից, ծովից եւ ցամաքից, կարծում էին, որ արդյունքի կհասնեն մեկ շաբաթում։ Ի՞նչ եղավ, նրանք հասա՞ն իրենց նպատակին։ Ո՛չ: Եթե նրանք համարձակվեն նման քայլերի դիմել Թուրքիայի ու թուրքերի դեմ, ապա այնպիսի գին կվճարեն, որ այլեւս չեն կարողանա ուղղել իրենց մեջքը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ավելի վաղ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ գործողությունը կիրականացվի Գազայի հատվածում, Հորդանան գետի արեւմտյան ափին, Լիբանանում, Թուրքիայում, Կատարում եւ այլ տարածքներում։