Հայաստանն ու Իրանը դեկտեմբերի 6-ին պայմանավորվել են ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին հնարավորություն կընձեռի օգտվելու իրանական նավահանգիստներից։
Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը դեկտեմբերի 6-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների եւ ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Իրանական կողմը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովելու իրանական նավահանգիստներից օգտվելու համար: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանը ԻԻՀ-ի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ եւ եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի եւ Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։