Եմենի հութիները դեկտեմբերի 7-ին հայտարարություն են տարածել, որով սաուդցիներին եւ էմիրաթցիներին զգուշացնում են ձեռնպահ մնալ Իսրայելի հետ Եմենի վրա հարձակման գաղափարից:
«Եթե Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն սիոնիստական Իսրայելի հետ ներգրավվեն Եմենի վրա հնարավոր ռազմական հարձակման մեջ, մենք կհարվածենք նրանց երկրների բոլոր նավթահորերին եւ գազի հորերին։ Մենք դրանով կանգ չենք առնելու եւ ոչնչացնելու նրանց բոլոր նավերը»,- ասված է հութիների հայտարարության մեջ։
Վերջին անգամ Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա հարձակում էին գործել 2022-ի հունվարի 24-ին՝ կիրառելով մեծ քանակի հրթիռներ եւ անօդաչու սարքեր:
Մասնավորապես, հրթիռային հարձակման էր ենթարկվել Աբու Դաբիի մոտ գտնվող Ադ Դաֆրա ռազմաօդային ուժերի բազան (Աբու Դաբիից 30 կմ հարավ-արեւմուտք)։
Այն ժամանակ ապստամբների խոսնակն օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին խորհուրդ էր տվել լքել Արաբական Միացյալ Էմիրությունները, քանի որ այն «դադարել է անվտանգ երկիր լինելուց»։