1988 թվականի աղետից 35 տարի է անցել: Նոր սերունդը երկրաշարժ չի տեսել, բայց հետեւանքներն է զգացել ու զգում մինչ օրս: Երեքուկես տասնամյակը իշխանություններին այդպես էլ բավարար չեղավ, որ Գյումրի քաղաքից մաքրեն աղետի հետքերը:
Հաշվառման վերջին տվյալներով՝ Գյումրիում 2600 տնակ եւ 88 վթարային շենք կա: Հազարավոր մարդիկ այսօր Գյումրիում ապրում են կիսախարխուլ շինություններում: Հազարավոր… այս բառի մեջ անհատակ խորություն ու պատմություն կա. հազարավոր խեղված ճակատագրեր, հիվանդություն ձեռք բերած մարդիկ, մարդկային սովորական կենցաղի անհույս սպասումով գյումրեցիներ:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզի գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը հարցին լուծում չտալու պատճառաբանություններն «անհիմն հիմնավորում» է որակում: Ասում է՝ որքան էլ բացատրես, թե ինչու խնդիրը չես լուծում, այն չի վերանա, ընդհակառակը՝ ավելի կխորանա: Ցավով է նշում, որ 35 տարին բավարար չեղավ անօթեւանության հարցը լուծելու համար: «Մարդիկ այսօր ապրում են տնակներում, բայց աբսուրդն այն է, որ այդ մարդկանց թի՛վն անգամ դեռ հստակ չէ, ինչը խոսում է 35 տարի շարունակ գործընթացն իրականացնողների անկարողության ու անգործության մասին»:
2000-ականների սկզբից Գյումրին աղետի գոտուց հռչակեցին զարգացման գոտի: Ի՞նչ զարգացման մասին է խոսքը, երբ մարդը դեռ ամենասովորական կեցավայր չունի: Գյումրին զարգացման գոտի հռչակելով՝ օրվա իշխանությունները մարդկանց կյանքն ու ճակատագիրը դարձրին քաղաքական առեւտրի առարկա:
Եթե ասում ենք՝ պետությունն իր պարտավորությունը կատարել է քաղաքացիների հանդեպ, բա ի՞նչ ասենք հազարավոր մարդկանց մասին: Որ չտեսնենք, ասենք՝ չկան նրանք, խնդիրը կվերանա՞: Սեյրան Մարտիրոսյանն ասում է՝ չկա խնդիր, որ ելք չունենա: Որ մարդը, թեկուզ ի՛ր մեղքով, տնակում է, այդ հարցն էլ լուծում ունի. սոցիալական բնակարանաշինությունն ամենաօպտիմալ եղանակով կլուծի հարցը:
Տնակում ապրելն՝ ապրել, բայց որ մի օր նույնիսկ տնակում ապրելու համար է գյումրեցին պայքարելու, արդեն փաստ է:
2022 թվականի հոկտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել աղետի գոտու բնակավայրերը վերջնականապես ազատելու տնակներից: Մինչեւ 2027 թվականը պետք է ապամոնտաժեն պետական, համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, բնակիչներին էլ վերաբնակեցնեն։
1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած, բայց փոխհատուցում չստացած, բնակարան չկորցրած, բայց փոխհատուցման սպասող, ինչպես նաեւ փոխհատուցում ստացած, բայց էլի սպասող քաղաքացիները ոգեւորվել էին, մտածում էին, որ բնակարաններ են ստանալու: Սակայն այս տարվա սկզբին բազմաթիվ տնակաբնակներ ծանուցում էին ստացել, որ 6-ամսյա ժամկետում ապամոնտաժեն տնակներն ու ազատեն համայնքապատկան զավթված հողատարածքները:
Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանն ասում է՝ Գյումրիում 800 տնակատեր արդեն ծանուցված է: Ծանուցագրով հստակ տեղեկացել են, որ իրենց միջոցներով մայիսի երկրորդ կեսին պետք է ապամոնտաժեն տնակները, հակառակ դեպքում համայնքապետարանն իր միջոցներով կապամոնտաժի դրանք, քանդման ընթացքում ստացված վառելափայտն ու շինանյութն էլ համայնքի սեփականություն կճանաչվի: Եթե քաղաքացին հրաժարվի տնակից դուրս գալուց, գործընթացը կիրականացվի հարկադիր եղանակով՝ ոստիկանական ուժերի միջամտությամբ: Նշենք, որ մինչ օրս ապամոնտաժվել է 47 տնակ:
Ի՞նչ են անելու տնակներից զրկված մարդիկ, պետությունն ապահովելո՞ւ է նրանց կացարանով։ Մկրտիչ Դավթյանն ասում է՝ ոմանց՝ այո: Փոխհատուցում նախատեսված է 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած եւ անօթեւանների հերթացուցակում հաշվառված կամ ինչ-ինչ պատճառներով հերթացուցակից դուրս մնացած քաղաքացիների համար: Պետությունը նրանց բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) է հատկացնելու:
Մինչդեռ ԲԳՎ-ի ծրագրի մեկնարկին զուգընթաց շուկայում կայծակնային արագությամբ աճում են բնակարանների գները: Մեկ անգամ չէ, որ փորձը ցույց է տվել՝ վկայագրի սահմանված գնով տուն գնելն անհնար է:
Փոխհատուցում է սահմանված նաեւ այն քաղաքացիների համար, որոնք ժամանակին ստացել են բնակարան, օտարել են, բայց փաստաթղթավորման համար որոշակի ժամանակ է պետք: Նրանց որպես բնակարանի վարձավճար կհատկացվի ամսական 60000 դրամ մեկ տարի ժամկետով: Առաջին ամսից հետո տնակատերը պետք է ապամոնտաժի տնակը: Այստեղ եւս մեկ դիտարկում անենք. այսօր Գյումրիում 60000 դրամ վարձավճարով բնակարան գտնելը նույնպես գրեթե անհնար է: Ռուսաստանի Դաշնությունից ակտիվ ներհոսքով պայմանավորված՝ քաղաքում բնակարանի վարձերը միջինը 100-150 հազար, երբեմն մինչեւ 300 հազար դրամի սահմաններում են:
Փոխհատուցում չի նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք պետության կողմից ստացել են բնակարան, բայց չեն օտարել՝ շարունակելով ապրել տնակում, ինչը թույլ է տալիս օգտվել տարատեսակ աջակցություններից:
Կան դեպքեր, երբ մարդիկ ուղղակի, առանց սեփականության վկայականի բնակվում են տնակում, որի իրական տերերն անօթեւան չեն. այդ տնակները նույնպես առաջնահերթ քանդման ենթակա են, իսկ տնակում բնակվող ընտանիքի համար պետությունը որեւէ ծրագիր չունի:
Որ պետությունը քաղաքացուն անօթեւանության կարգավիճակ չի տվել, որոշ բնակիչներ դա՛ էլ են վիճարկում, փորձում դատական կարգով վերականգնել իրենց անօթեւանության կարգավիճակն ու պետությունից բնակարան պահանջել:
Փաստաբան Աննա Դավթյանը խնդիրը շատ խորն է համարում, ասում է՝ խորհրդային կարգերի նորմատիվ ակտերը ուժը կորցրին անկախությունից հետո, Հայաստանի Հանրապետության աղետի գոտու նոր ակտն ընդունվել է 1999 թվականին միայն: Դրանից հետո սկսեցին հերթացուցակներ կազմվել, որտեղից դուրս մնացին որոշ իրական շահառուներ: Օրինակ է բերում. կային մարդիկ, որոնց հատկացված բնակարանները 1988 թվականին արդեն պատրաստ էին, բայց դեռ չէին հասցրել տեղափոխվել: Նրանք դուրս մնացին հաշվառումից. նման շատ դեպքեր կան: Թեեւ պետությունն ասում է, որ անօթեւաններ այլեւս չկան, բայց փաստաբանի սեղանին բազմաթիվ գործեր կան, որոնցով վիճարկվում է քաղաքացիների անօթեւան լինելը աղետի պատճառով:
Անօթեւա՞ն են, ի վերջո, Գյումրու տնակներում մի կերպ գոյատեւող քաղաքացիները, թե՞ ոչ, խիստ վիճելի է, բայց 35 տարի Գյումրու ուրվականների՝ տնակային թաղամասերի գոյությունը վիճարկել չի լինի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։