ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ին ընդունած համատեղ հայտարարությունը.
«Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով եւ որպես բարի կամքի դրսեւորում՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով եւ որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արեւելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»: