Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որը դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ կալանավորվածների փոխանակման մասին նախօրեին արված համատեղ հայտարարությունը՝ դա որակելով դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ:
«Եվրոպայի խորհուրդը շարունակում է պատրաստ լինել աջակցելու երկու կողմին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- X սոցկայքի իր գրառման մեջ նշել է Բուրիչը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը ողջունել է նաեւ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ հավելելով, որ դա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
«ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու երկու երկրներին»,- X սոցիալական ցանցի իր գրառման մեջ շեշտել է ԵՄ հանձնակատարը: