Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ-ի, հայտարարել է, որ ողջունում է հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման եւ զինծառայողների ազատ արձակման մտադրության վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունը:
«Ադրբեջանի եւ Հայաստանի վերջին քայլերը նպաստում են վստահության ամրապնդմանը եւ հնարավորություն են ստեղծում կողմերի հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Ավելի վաղ զինծառայողների ազատ արձակման մտադրության վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունը ողջունել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Թուրքիայի ԱԳՆ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին եւ ԵՄ այլ պաշտոնական անձինք: