Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը դեկտեմբերի 8-ին ճեպազրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի համատեղ հայտարարությունը:
Ըստ Դյուժարիկի՝ Գուտերեշը նաեւ հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատեւ խաղաղության՝ ի շահ իրենց ժողովուրդների եւ տարածաշրջանի։
Լիովին աջակցում ենք պատմական եւ տեւական խաղաղության հասնելու ջանքերին. Լեո Դոքերթի
Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը ողջունել է նաեւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Նա նշել է, որ հայտարարությունը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։ «Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է պատմական եւ տեւական խաղաղության հասնելու նրանց ջանքերին»,- X-ի իր գրառման մեջ շեշտել է նա։
Հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան իր հերթին աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին։ «Մենք հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինան աջակցում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորմանը խաղաղ եւ դիվանագիտական միջոցներով»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում։