Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սաֆարյանը գրառում էր արել երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ ամսական 50 հազար դրամ աջակցության տրամադրման ուշացման վերաբերյալ։ Գրառումը համացանցում լայն արձագանք էր ստացել։ Պատճառն այն է, որ այս խնդրին շատերն են բախվում։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին եւ երկրորդ երեխայի համար 300 000 դրամ է, երրորդ եւ չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ծնողին տրամադրվում է 1․5 մլն դրամ։
Ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում գումարը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը։
Աջակցությունը նշանակվում է, եթե.
- երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
- աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում։
Անահիտ Սաֆարյանի չորրորդ երեխան է ծնվել։ Նա գրառման մեջ մանրամասնորեն նշել էր, թե որքան փաստաթղթեր է հավաքել, քանի անգամ է գնացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, եւ ամեն անգամ ինչ-որ պատճառով դիմումը չեն հաստատել։ Քաղաքացին գրառման մեջ նշել էր պատկան մարմինների ֆեյսբուքյան էջերը։ Խնդիրը լուծվել է միայն ֆեյսբուքյան հարթակում այս խնդիրը բարձրաձայնելուց հետո։ Մինչ այդ քաղաքացին բազմիցս դիմել էր պատկան մարմիններին, բայց հարցը չէր լուծվել։
«Գրառումը կատարելու հաջորդ առավոտյան ինձ զանգեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, հարցրին տվյալներս՝ գործն ուսումնասիրելու համար: Մի քանի ժամ անց զանգահարեցին եւ հարցը լուծեցին»,- ասում է Անահիտ Սաֆարյանը։
Նրա գրառման տակ մեկնաբանություններ թողած քաղաքացիներից ոմանք էլ նույն մտահոգությունն ունեն։ Նրանք էլ բազմաթիվ անգամներ դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, անցել բյուրոկրատական գործընթացների միջով։
Ֆեյսբուքյան 62 000 մասնակից ունեցող «Մայրիկների ակումբ» խմբում եւս բազմաթիվ գրառումներ ու մեկնաբանություններ կան վերոնշյալ խնդրի առնչությամբ։
Լիանա Աբրահամյանը պատմում է՝ երեխայի ծննդից 72 օր անց պետք է ստանար ամսական 50 000 դրամ աջակցությունը. 5 ամիս անցել է, բայց դեռ չեն ստացել, սպասում են․․․
Մեր օրերում, երբ տվյալների բազաները թվայնացված են, և նման գործընթացները պետք է որ հնարավոր լինի առցանց համակարգերի միջոցով ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել, բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս բախվում են այս խնդրին։
«Ալիք Մեդիա»-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հարցում է ուղարկել՝ փորձելով պարզել փոխհատուցումների ձգձգման պատճառները։ Մեր հարցման պատասխանը ստանալուց հետո կճշտենք նաեւ՝ արդյո՞ք պետությունը նոր գործիքակազմեր է մշակում այս խնդրի լուծման նպատակով, թե՞ առաջիկայում եւս քաղաքացիներն ամիսներով պիտի սպասեն պետության կողմից տրամադրվելիք աջակցությանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։