Դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ եւ կունենա մի շարք հանդիպումներ ու բանակցություններ: Տեղեկությունը հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Վաշինգտոնում բանակցությունների առանցքային թեմաներից կլինի Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանական համագործակցության շարունակումը, մասնավորապես՝ զենքի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համատեղ նախագծերը, ինչպես նաեւ հաջորդ տարի երկու պետությունների ջանքերի համակարգումը:
Ներկայում Վաշինգտոնում քննարկվում է Ուկրաինային օգնության փաթեթի մասին օրինագիծը, որը Կոնգրեսում դեռ չի քվեարկվել Դեմոկրատական կուսակցության եւ հանրապետականների համաձայնության բացակայության պատճառով։