Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը: «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նա հավելել է, որ ԵՄ-ն ոչ թե ռազմական դաշինք է, այլ քաղաքական եւ տնտեսական միություն:
Ստանոն նշել է, որ Եվրամիությունը չի նախատեսում նաեւ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում: Եվրոպացի դիվանագետը շեշտել է, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձեւաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն հստակ որոշումներ առայժմ չկան:
Հայաստանին զենք մատակարարելու թեմային անդրադարձել է նաեւ Գերմանիայի խորհրդարանում պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն: Նա հավելել է, որ Բունդեսթագում նման հարց չեն դիտարկում: Ըստ գերմանացի խորհրդարանականի՝ Գերմանիայի իշխանությունները ձգտում են շարունակելու զենքով աջակցել Ուկրաինային, ինչը բավականին բարդացել է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում:
«Պարզ չէ նաեւ՝ ինչ զարգացումներ են սպասվում իսրայելա-պաղեստինյան ճակատում: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին։ Ամեն դեպքում դա պաշտպանության կոմիտեի օրակարգում չէ»,- ընդգծել է Նոլտեն։
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին աջակցելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում: