ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում ավելի քան 2000 ծառայողների շուրջ 18%-ը ստուգարք չի հանձնել։ Դրա մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։
Ըստ փոխնախարարի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում չկա կարգավորում, ըստ որի` համակարգի ծառայողը պարտավորված լինի մասնակցել տվյալ դասընթացին, դրանից հետո էլ ստուգարք հանձնի։ Ներկայում քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետեւանքներ նախատեսված չեն։
ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է քրեակատարողական ծառայողների համար նոր իրավական կարգավորումներ սահմանել, մասնավորապես՝ երկու անգամ վերապատրաստման եւ հատուկ գիտելիքների պատրաստման դասընթաց չանցնելու եւ ստուգարք չհանձնելու դեպքում նոր իրավական հիմք ավելացնել ծառայությունից ազատելու համար։