Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Հայաստանի արտգործնախարարի հետ։
«Ամբողջ Արեւելյան գործընկերության տարածքում բարդ իրավիճակ է՝ Բելառուս, Ուկրաինա, ապա նաեւ՝ Հարավային Կովկաս․․․ Լավ լուր է, որ Վրաստանն առաջ է ընթանում ԵՄ անդամակցության ուղիով, բայց իրավիճակը Հայաստանում մեր ամուր աջակցությունն է պահանջում․ տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել»,- հավելել է Բորելը:
Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը «խիզախություն» է որակել
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 11-ի իր ելույթում Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն։ «Այստեղ ես կցանկանայի ընդգծել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին եւ այս ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքը «X»-ի իր գրառման մեջ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինին։