Անցած շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Սնուփ Դոգի համերգը, այնուամենայնիվ, լինելու է։
«Այո՛, տեղի է ունենալու հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները։ Եվ այն ընկերությունը, որը պետք է կազմակերպի միջոցառումը, բանակցություններից հետո կհայտնի նոր ժամկետների մասին։ Նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիսին»,- ասել է Անդրեասյանը։
Թեեւ Երեւանում այդ համերգը հետաձգելու պատճառը շատ ողբերգական էր՝ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, այնուամենայնիվ, թվում էր, այդ երգչին հրավիրելու հարցն այդպիսով փակվեց։ Չէ՞ որ մինչ այդ Սնուփ Դոգին հրավիրելու գաղափարը շատ քննադատվեց, քանի որ նա ամբողջ աշխարհում հատկապես երիտասարդների, անգամ դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործումը քարոզող, համերգների ժամանակ հենց բեմում՝ երկրպագուների աչքի առաջ թմրամիջոց ընդունող եւ ոչ այնքան բարձրակարգ երգիչ է։
Եվ թվում էր՝ մամուլում ու սոցցանցերում ծավալված քննադատությունից հետո կազմակերպիչներն այլեւս մեզ այդ համերգով չեն սպառնա: Պարզվում է՝ ոչ, այդ երգչին հրավիրողների ցանկությունը բավականին մեծ է։
«Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Մեզ հաճախ հարցնում են՝ ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ չեն լինում, եւ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա լինելու նման շոուների: Եվ ուրեմն, Կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երեւանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»,- ամիսներ առաջ գրել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը շուրջ 6 մլն դոլար էր հատկացրել համերգը կազմակերպելու համար, որից 2 մլն դոլարը երգչի հոնորարն էր: «Պահանջվող գումարը կլինի 2,318,596,8 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը»,- նշված է Կառավարության որոշման մեջ:
Իհարկե, բազմաթիվ մեկնաբանություններ եղան, թե այդ 6 մլն դոլարով օգտակար ինչ կարելի էր գնել, կամ ինչ հարց կարելի էր լուծել, եւ դա իսկապես այդպես է, բայց մեր հասարակության, հատկապես երիտասարդության համար Սնուփ Դոգի համերգի՝ մեղմ ասած ոչ այնքան անհրաժեշտ լինելն առավել ցայտուն դարձավ նույն Կառավարության ֆինանսավորած մեկ այլ միջոցառման ժամանակ։ Խոսքը վերաբերում է «Սթարմուս» միջազգային փառատոնին։ Այն Հայաստանում անցկացվեց անցած տարի սեպտեմբերին, իսկ օրեր առաջ դրա մասին ամփոփ ֆիլմի ցուցադրությունն էր «Մոսկվա» կինոթատրոնում։
«Սթարմուսի» հիմնադիրը մեր հայրենակից, աստղաֆիզիկոս Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Գարիկ Իսրայելյանն է։ Հիմնադիրներից է նաեւ «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյը, որն իր հրաշալի կատարումներով հանդես է գալիս այդ փառատոների ժամանակ, եւ որին Սնուփ Դոգի հետ համեմատելը մեղք է։
Գարիկ Իսրայելյանը ջանացել էր եւ կարողացել էր անցած տարի սեպտեմբերին Հայաստան բերել աշխարհահռչակ երաժիշտների՝ Սերժ Թանգյանին, Ռիք Վեյքմանին, Սայմըն Ֆիլիպսին, Բրայան Մեյին, Դերեք Շիրինյանին, ինչպես նաեւ գիտնականների, տիեզերագնացների եւ նոբելյան մրցանակակիրների մի մեծ աստղաբույլի՝ կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին, աստղաֆիզիկոս Միշել Մայորին, պոետ եւ նատուրալիստ Դայան Աքերմանին, պրիմատոլոգ եւ մարդաբան, ՆԱՍԱ-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլին եւ ուրիշների։
Նրանց միաժամանակյա ներկայությունը մեր երկրում մեծ իրադարձություն էր։ «Սթարմուսն» անցած տարի ավելի քան մեկ շաբաթ Հայաստանը դարձրել էր գիտության, տեխնոլոգիաների եւ երաժշտության կենտրոն։ Փառատոնի հյուրերը ոչ միայն բարձրակարգ համերգներ ներկայացրին, այլեւ Հայաստանի բազմաթիվ բուհերում մեր ուսանողների, ինչու ոչ, նաեւ գիտնականների համար օգտակար դասախոսություններ անցկացրին։ Այդ փառատոնի կարեւորության մասին ֆիլմում պատմում էին բազմաթիվ երիտասարդներ, որոնք, վստահաբար, Սնուփ Դոգի համերգին չեն գնա։
Եվ այս ամբողջը կազմակերպելու՝ «Սթարմուս-6»-ը մեր երկրում անցկացնելու, այդքան աստղեր, նոբելյան մրցանակակիրներ ու այլ գիտնականներ Հայաստան բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել էր ընդամենը 2 մլն դոլար։ Երեք անգամ քիչ, քան Սնուփ Դոգի համերգի համար են հատկացրել, եւ ճիշտ այնքան, որքան այդ ռեփերի հոնորարն է։ Իհարկե, անցած տարի «Սթարմուսի» բացմանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարը եւ Կառավարության մի շարք այլ անդամներ ու պատգամավորներ, բայց այն ըստ արժանվույն չգնահատվեց։
Օրեր առաջ փառատոնի ֆիլմի ցուցադրմանը նույնպես Կառավարության վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա էր, բայց այն անցավ կիսադատարկ դահլիճում։ Կառավարությունը, որն ամեն օր կրթության որակի բարձրացման մասին է խոսում եւ թմրամիջոցների տարածումն ազգային անվտանգության խնդիր համարում, հարկ չէր համարել իր ֆինանսավորած այդ միջոցառումը հասարակությանը ներկայացնել ըստ արժանվույն, որ այն շատերին հասու լիներ։
«Սթարմուսի» ցուցադրումից առաջ Գարիկ Իսրայելյանը Նիկոլ Փաշինյանի, Ժաննա Անդրեասյանի ու Արայիկ Հարությունյանի ներկայությամբ, բայց կիսադատարկ դահլիճում իր բացման խոսքում ընդգծեց, որ թե՛ փառատոնի հիմնադիրները, թե՛ հրավիրյալները առնչություն չունեն եւ չեն ունենա թմրամիջոցների տարածման ու քարոզման հետ՝ կարծես թե ընդգծելով, թե որքան անխոհեմ ու վնասակար է Սնուփ Դոգին հրավիրելը։ Հասկացա՞ն արդյոք ներկաներն այդ ակնարկը, խորհեցի՞ն, թե ինչու այդքան առատաձեռն եղան Սնուփ Դոգի եւ ոչ թե բարձր արժեքների նկատմամբ։
Իսկ ֆիլմը, որն ինքնին արժեքավոր գործ էր, որը ներկայացնում էր բարձր արվեստն ու գիտությունը, եւ այն մեկ անգամ նայելուց հետո կրկնելու մեծ ցանկություն էր առաջանում, Հանրային հեռուստաընկերությամբ չցուցադրվեց, եւ հանրությունը դրան մնաց անտեղյակ։ Իսկ կազմակերպիչները տարան ֆիլմը Հայաստանից՝ իրենց հետ տանելով «Սթարմուսի» անցկացումից կուտակած ահռելի պարտքը, որը հավանաբար կփակեն այլ երկրներում փառատոնից ստացված գումարներով։
Մեզ մնաց Սնուփ Դոգի գարնանային համերգը, մեկ օրում Հայաստանից 2 մլն դոլար տանելը (ի դեպ, նա այնքան էլ բարձր վարձատրվող երգիչ չէ, մի քանի հարյուր հազար դոլարով էլ համերգներ է տալիս) եւ թմրամիջոցների՝ օրեցող ահագնացող տարածումը, որի դեմ պատկան մարմիններն այլեւս չեն կարողանում պայքարել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։