ԼՂ-ում կենսաթոշակ ստացող անձինք դեկտեմբերի 11-ից կարող են դիմել ՀՀ-ում այն ստանալու համար։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կենսաթոշակի (ներառյալ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար նախարարությունը հորդորում է հետեւել ստորեւ ներկայացվող քայլերին.
1․ Նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
2․ https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։
3․ Եթե հարթակում դեռեւս չունեք անձնական հաշիվ, մինչեւ պահանջվող տվյալները լրացնելը անհրաժեշտ է գրանցվել՝ սեղմելով կայքի վերեւի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, գաղտնաբառը եւ նշել՝ արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերից հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։
Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվելու կայքից։
4․ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե եւ գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝
- անուն, ազգանուն,
- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
- անձը հաստատող փաստաթղթի համար,
- հեռախոսահամար,
- վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ), միայն 75 տարին լրացած, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը,
- վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկ)։
Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում եւ սեղմել «Ստեղծել» կոճակի վրա։
Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։ Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։