Ալեքսեյ Նավալնին տարվել է IK-6-ից, եւ նրա տեղն այժմ հայտնի չէ։ Դրա մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: «Նրանք քիչ առաջ IK-6 Melekhovo-ից դուրս եկան փաստաբանի մոտ եւ ասացին, որ բանտարկյալ Նավալնին այլեւս իրենց ցուցակում չկա: Հրաժարվում են ասելուց, թե ուր է տեղափոխվել»,- դեկտեմբերի 11-ին հայտնել է Նավալնու մամուլի քարտուղարը։
2021-ի փետրվարի 2-ին Մոսկվայի դատարանը, ընդառաջելով պատիժների կրման դաշնային գործակալության միջնորդությանը, Գերմանիայից Ռուսաստան վերադարձած Ալեքսեյ Նավալնու խափանման միջոցը պայմանական ազատազրկումից փոխեց իրական բանտարկության։ Այն ժամանակ Նավալնին դատապարտված էր «Իվ Ռոշեի» գործով։ Սակայն 2022 թվականին նրա պատիժը ծանրացվեց, եւ նա դատապարտվեց նաեւ 9 տարվա ազատազրկման՝ «խարդախության» եւ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար։ Նավալնին նաեւ տեղեկացրել էր, որ իրեն մեղադրանք են առաջադրել «ծայրահեղական խմբավորում ստեղծելու», «չթույլատրված ցույցերի կոչեր հնչեցնելու» համար։
Խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին The Washington Post-ին տված մեկնաբանությունում քննադատել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ հայտարարել, որ Ռուսաստանում հարկ է փոխել կառավարման համակարգը։ «Ռուսաստանը [Պուտինը] չպետք է հաղթի այս պատերազմում։ Ուկրաինան էլ պետք է մնա անկախ դեմոկրատական պետություն՝ ի վիճակի ինքն իրեն պաշտպանելու»,- շեշտել էր Նավալնին։
Դեկտեմբերի 7-ին Նավալնին սոցցանցի իր գրառման մեջ նշել էր, որ ռուսաստանյան ընդդիմությունը պետք է բացատրի մարդկանց, որ 24 տարի նախագահի աթոռը զբաղեցնող 71-ամյա Պուտինը չպետք է իշխի եւս 6 տարի: Հակառակ դեպքում նա էլ ավելի վնաս կհասցնի Ռուսաստանին:
Երկուշաբթի առավոտյան Նավալնուն տեսակապով կրկին չեն տարել դատական նիստին։ Ընկերները վեց օր շարունակ փորձում են պարզել, թե որտեղ է նա։