Ջամու եւ Քաշմիր մահմեդական շրջանը կորցրել է իր հատուկ վարչական կարգավիճակը եւ պետք է դառնա Հնդկաստանի նահանգ։ Դեկտեմբերի 11-ին նման որոշում է ընդունել երկրի Գերագույն դատարանը։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի վերջը։
Ջամուն եւ Քաշմիրը տարածք է հյուսիսային Հնդկաստանում, երկրի միակ շրջանը, որտեղ մահմեդականները բնակչության մեծամասնությունն են։ Տարածաշրջանը տարածքային վեճերի կիզակետ է: Այդ վեճերը շարունակվում են 1947 թվականից ի վեր, երբ Պակիստանն ու Հնդկաստանը պետական անկախություն ձեռք բերեցին:
Իսլամաբադը չափազանց կտրուկ է արձագանքել Նյու Դելիի որոշմանը։ «Հնդկական օկուպացված Ջամուն եւ Քաշմիրը միջազգայնորեն ճանաչված վիճելի տարածք է: Հնդկաստանի կառավարության ոչ մի գործողություն չի փոխի սա: Պակիստանը մերժում է Ջամուի եւ Քաշմիրի բաժանումը երկու միութենական տարածքների… Հնդկական Ջամուի եւ Քաշմիրի ժողովուրդը երբեք չի ընդունի անօրինական եւ բռնի բռնազավթումը»,- ասված է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Դեռ օգոստոսին Պակիստանը նվազեցրել էր իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Հնդկաստանի հետ։ Բացի դրանից՝ այս երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեհմուդ Քուրեշին հայտարարել է Քաշմիրի կարգավիճակի հարցով Միջազգային դատարան դիմելու պատրաստակամության մասին։ Փորձագետները, սակայն, կարծում են, որ չնայած իրավիճակի լրջությանը՝ Պակիստանի ցանկացած ջանք այս ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կլինի։
Փորձագետները նաեւ վստահ են, որ ստեղծված իրավիճակում այլ տերություններ կփորձեն հարթել Հնդկաստանի եւ Պակիստանի հակասությունները։ Ի վերջո, երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք, ուստի նրանց միջեւ զինված հակամարտությունը հղի է լայնածավալ բացասական հետեւանքներով։
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը կոչ են անում Հնդկաստանին եւ Պակիստանին խաղաղ ճանապարհով լուծել իրենց խնդիրները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր դաշնակիցները: ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Պակիստանին։ Բայց ներկայում ամերիկացիները սկսել են ավելի հաճախ անցնել Հնդկաստանի կողմը։ Ներկա պահին Պակիստանը դարձել է Չինաստանի ռազմավարական գործընկերը, որը հանդես է եկել Իսլամաբադի օգտին։ Սակայն Պեկինը կոչ է անում նաեւ Պակիստանի իշխանություններին խելամիտ քաղաքականություն վարել։ Այդուհանդերձ, Չինաստանն ու Հնդկաստանը համանման դիրքորոշումներ ունեն գլոբալ խնդիրների վերաբերյալ: