Գրողները լավագույնս են զգում հասարակության նյարդը։ Նրանք բաց են զգացմունքների առաջ, հեռու են «սրբացված» ռացիոնալիզմից եւ ապրումակցում են թե՛ մարդուն, թե՛ հասարակությանը։
Ներկայիս Հայաստանին իր գրողը՝ երկրի նյարդն է պակասում նաեւ։ Երջանկահիշատակ Արմեն Շեկոյանը, խոսելով իրենց Փողոցի մասին, մարգարեացել է՝ ակամա նկարագրելով ներկայիս Հայաստանի հասարակական կյանքն ու ընթացքը։
«Փողոցում կյանքի ընդմիջում էր. կյանք չկար՝ սպասողական վիճակ էր։ Հետո՝ հետագայում հասկացանք, որ հենց այս սպասողական վիճակն է նոր կյանքը». մարգարեական խոսքեր են խաղաղության պայմանագրին ու խաչմերուկին սպասող, ընդմիջման մեջ գտնվող Հայաստանի, նրա անգաղափար էլիտաների կյանքն ու գործունեությունը ամփոփելու համար։
Սրան զուգահեռ, եթե տարիներ անց նկարագրելու լինենք հետպատերազմյան ու հետարցախյան Հայաստանը, ապա այն, վստահաբար, պետք է ունենա «մի քիչ» ածականը։ «Մի քիչը» կարելի է համարել կառավարման կրեդոն ու հասարակության շարժիչ գաղափարը։
Մի քիչ ինքնահոսի, մի քիչ պոետիկ, մի քիչ պետություն, մի քիչ հայրենակցական միություն, եւ այս ամենը՝ հասարակական հարաբերությունների վերաիմաստավորման, արցախյան նվիրական երազանքի անկման, փոխադարձ թշնամության ու անվստահության մթնոլորտում։
Այն նաեւ լավագույնս է ներկայացնում իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հասարակական տրամադրություններն ու ընդդիմադիր գործընթացները։ Մեզնից ավելի բարդ իրավիճակում գտնվող պետություններն ու հասարակությունները հաղթահարել են դա կոնսոլիդացիայով, համաներմամբ, մեղավորների պատժով ու նոր հասարակական օրգանիզմի կառուցմամբ՝ այլեւս երբեք տրամաբանությամբ։
Բայց մեզ հիմա, այստեղ ամենից շատ պակասում են թերուսության հաղթահարումն ու հիմնավոր մոտեցումները ցանկացած հարցում, հիմնավոր եւ արհեստավարժ՝ առանց կիսատությունների ու պրոֆանության։
Մենք կիսամարաթոնների երկիր դառնալու ճոխություն չենք կարող մեզ թույլ տալ։ Բայց, դրան հակառակ, տեսնում ենք հարաճուն դեգրադացիա, ամենակուլ սիրողականություն, ավելի շատ ձեւի հաղթանակ՝ բովանդակության ու իմաստի իսպառ վերացմամբ։ Այսօրվա կյանքն ու իշխանության թելադրած դինամիկան այդ տրամաբանության շարունակությունն են։
Ունենք վարչապետ, որը մի քիչ հակաեկեղեցական է, մի քիչ սաղմոսասաց, մի քիչ լուսավորյալ, մի քիչ ավանդապաշտ, մի քիչ օջախասեր, մի քիչ էմանսիպացիայի կողմնակից, մի քիչ հայրենիք սիրող, մի քիչ պետություն տենչացող, մի քիչ Արագածի, մի քիչ Հատիսի սիրահար, մի քիչ Պապ, մի քիչ Արշակ, մի քիչ Չարենց, մի քիչ Կապուտիկյան։
Տեսնում ենք փորձագետների ու գեոպոլիտիկների հորդաներ՝ մի քիչ գրականագետ, մի քիչ փորձագետ, մի քիչ ազատ, մի քիչ զինված, մի քիչ ֆիդայի, մի քիչ ծրագրավորող, մի քիչ բանակային, մի քիչ կամավոր, մի քիչ պարտադիր, մի քիչ խաղաղություն, մի քիչ սիլիկոնյան հովիտ, մի քիչ ռուսական գաղութ, մի քիչ ԵԱՏՄ, մի քիչ ԵՄ, մի քիչ Լուկաշենկո, մի քիչ Օհանջանյան, մի քիչ Պուտին, մի քիչ Մակրոն, մի քիչ գիտնական, մի քիչ ատեստավորված, մի քիչ գիտուժ, մի քիչ գրագող, մի քիչ միջազգային, մի քիչ գավառական, եւ բոլորն էլ իրենց կարող են տեսնել այս տողերում, այդ թվում՝ տողերիս հեղինակը։
Ողբերգություն է, իհարկե, երբ երկիր կառուցելու, հասարակությունը զորեղացնելու փոխարեն զբաղվում ես պոստմոդեռնիզմով մոդեռնիստական խնդիրներով երկրում, երբ պետք են օրենք, հստակություն, կարգ ու կանոն, ոչ թե բողոք, լաց ու կոծ, երբ շուրջբոլորը կոռուպցիայի մարմաջ եւ հարատեւ խոստումներ են։ Բայց, ավաղ, դրան զուգահեռ մարգարեացման կոչերը չեն նվազում։
Հավատացե՛ք, եւ կտրվի՛. խաղաղության պայմանագիրն ու խաղաղության խաչմերուկը հորիզոնում են, մի քիչ էլ, ու կհասնենք բաղձալի դրախտին։
Այնինչ, հայտնի անեկդոտի պես, հորիզոնը երեւակայական գիծ է, որքան մոտենում ես, այնքան հեռանում է։ Եվ մեր խաղաղության պայմանագիրն ու խաչմերուկն էլ են նույն ճակատագրին արժանանում։
Ինքներս մեզ համոզել ենք, որ մի քայլ էլ, մի քիչ ջանք, ու կլինի հավերժական խաղաղություն, կայուն գներ, աճող աշխատավարձեր, անամպ երկինք եւ ինքնահոսող մրցունակ պետություն։ Ընթերցողը կհիշի, որ նման տրամադրություններ էին թեւածում նաեւ նախորդ տարի այս օրերին, կրկին խոսվում էր վերահաս խաղաղությունից ու դրա պայմանագրից։ Սակայն, տարեցտարի դրախտին ու խաղաղությանը սպասելով, արթնանում ենք սառը քրտինքով ու հասկանում, որ հենց այս սպասողական վիճակն է նոր կյանքը, նոր նորմալը, նոր խաղի կանոնը։
Հենց այս խաղաղության խաչմերուկի մարմաջն է նոր կյանքը՝ երկու փակ սահմանով կիսահայաստանը՝ մի քիչ Սեւրով ու Ջավախքով, մի քիչ արցախյան բարբառով, մի քիչ Արեւելյան ու մի քիչ Արեւմտյան Հայաստանների կորուսյալ երազանքով, մի քիչ Ալիեւի, մի քիչ Պուտինի, մի քիչ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հույսին։ Այսպես՝ մի քիչ օդում, մի քիչ ազատ անկմամբ անհույս կարոտով ու հրաշքի սպասմամբ մի կիսահայաստան՝ անհայտ անցյալով ու թախանձալի ապագայով։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։