Հետխորհրդային տարածաշրջանի փորձագետ Կիրիլ Կրիվոշեեւը RTVI-ի իր սյունակում փորձել է բացահայտել վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերությունների սրման քաղաքական հիմքերն ու կանխատեսել դրանից բխող վտանգները:
Ռուս փորձագետը դրանք քննել է ոչ միայն բացահայտ արեւմտյան քաղաքական կողմնորոշում որդեգրած եւ Արցախի կորստից հետո անվտանգության ոլորտում նոր գործընկերներ փնտրող եւ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ կապեր հաստատող պաշտոնական Երեւանի քայլերի, այլեւ դրանց նկատմամբ ռուս դիվանագետների եւ ուժայինների կաղապարված մոտեցումների ու հրապարակային կոշտ գնահատականների տիրույթում:
Փորձագետին հետաքրքրում է, թե Անդրկովկասում իր գլխավոր դաշնակցի այս դեմարշի համար Մոսկվան ինչպիսի պատիժ է հնարելու։
«Երկու ամիս առաջ հայ-ռուսական հարաբերությունները խրված էին միջանկյալ կետում։ Բոլորի համար ակնհայտ է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ այլեւս չեն լինելու նախկին դաշնակցային հարաբերությունները։ Մյուս կողմից՝ ոչ ոք չի ցանկանում որեւէ կերպ ձեւակերպել այդ խզումը, առավել եւս՝ Մոսկվան»,- գրում է Կրիվոշեեւը։
Ըստ հեղինակի՝ այս պարադոքսն առավել հստակ դրսեւորվեց հոկտեմբերի սկզբին, երբ Հայաստանը, վերջնականապես կորցնելով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, այնուամենայնիվ վավերացրեց Վլադիմիր Պուտինին կալանավորելու կարգադրություն արձակած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Բայց եթե սեպտեմբերի 28-ին Պեսկովը դա անվանեց «չափազանց թշնամական որոշում», ապա հոկտեմբերի 3-ին, երբ գործն արդեն արված էր, դա սոսկ «կոպիտ սխալ» որակեց։ Շատերը սպասում էին, որ Կրեմլը դուրս կգա ափերից, մինչդեռ դրա փոխարեն Մոսկվան որոշեց ամեն ինչ ներկայացնել որպես գործընկերների չարաբաստիկ վրիպում, ինչը, իհարկե, հարցեր է առաջացնում Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, բայց ոչ մի դեպքում չի կարող փչացնել {հայերի եւ ռուսների} դարավոր բարեկամությունը։
Մինչդեռ հիմա երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, գրեթե մեկշաբաթյա ուղեւորություն կատարեց Վաշինգտոն, իսկ վերադարձի ճանապարհին ձեռքի հետ Լոնդոն թռավ։ Պարզ է, որ Մոսկվայի համար երկուսն էլ ավելի քան սադրիչ են։ Կրեմլի տրամաբանությամբ՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է հանդիպի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հետ եւ խոսի ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի ամրապնդման մասին, այնինչ նա, արի ու տես, խոսում է ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, ու բոլորը գիտեն՝ ինչի շուրջ է նրանց զրույցը։
Արժե ասել, որ Գրիգորյանը Մոսկվայի համար միշտ թունավոր գործիչ է եղել, նույնիսկ ավելի շատ, քան ինքը՝ Փաշինյանը։ Ռուսաստանում այժմ անցանկալի ճանաչված կազմակերպության՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նախկին աշխատակից, «ժողովրդավարացում» եւ «Քաղաքացիական հասարակության զարգացումը» թեմաներով հոդվածների հեղինակ Գրիգորյանն ի սկզբանե Ռուսաստանի ուժայինների՝ ԿԳԲ-ի վետերանների մեջ յուրային դառնալու ոչ մի շանս չուներ։ Համակերպվելով այդ հանգամանքի հետ՝ նա, ըստ երեւույթին, միտումնավոր ստանձնեց «վատ տղայի» դերը եւ չվախեցավ փչացնելու հարաբերությունները Մոսկվայի հետ. փչացնելու առնաձնապես բան էլ չկար:
Գրիգորյանը դեռեւս 2018-ին պաշտպանում էր Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրերին եւ ելույթ էր ունենում արեւմտյան հարթակներում՝ ներառյալ (ով, սարսա՛փ) ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանում։ Մայիսին, օրինակ, արդեն նա բավական ցուցադրական հարցազրույց էր տվել, որտեղ խոսել է ինքնիշխանության համար, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ Հայաստանի պայքարի մասին։ Գրիգորյանը, մասնավորապես, սխալ է համարում, որ ռուս սահմանապահները, որոնք 1992 թվականի պայմանագրով պետք է պահպանեն Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը, չգիտես ինչու, աշխատում են նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ ստուգելով ուղեւորների անձնագրերը։
«Ցանկացած հետախուզական գործունեություն զսպելու համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների ամբողջական բարեփոխում։ Մենք պետք է ապահովենք, որ մեր կառույցները ծառայեն միայն Հայաստանին,- հայտարարել է Գրիգորյանը:- Ի դեպ, Զվարթնոցի մասին։ Բոլորը հիշում են, որ վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահներ, հիմա նաեւ՝ հայ սահմանապահներ։ Սա նշանակում է, որ առաջընթաց կա։ Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է: Չես կարող մի օր արթնանալ ու լիովին անկախ դառնալ։ Մենք նախ պետք է մի քայլ անենք, հետո՝ մյուսը, հետո՝ երրորդը»։
Տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ քայլեր արեց Մոսկվան, երբ Գրիգորյանի որդեգրած ուղղությունը դադարեց հավասարակշռվել ռուսամետ որոշ քայլերով եւ որոշիչ դարձավ Երեւանի քաղաքականության մեջ։ Ոչինչ, օդը թնդացնելուց բացի: Դեռ անցյալ տարվանից Ռուսաստանի ԱԳՆ-ի ցանկացած մեկնաբանություն Հայաստանի վերաբերյալ հիմնված է մեկ տրամաբանական բանաձեւի վրա. եթե ՀՀ-ն չվստահեր Արեւմուտքին, այլ ամբողջովին ապավիներ Մոսկվային, ամեն ինչ շատ ավելի լավ կդասավորվեր։ Ենթադրական եղանակի պատճառով այս փաստարկի հետ վիճելը դժվար է եւ, ըստ երեւույթին, հենց դրա համար են ռուս դիվանագետներն այդ եղանակն այդքան հավանում։
2022-2023 թվականների սահմանագծին Մոսկվան փորձեց ստիպել Երեւանին մեղավոր զգալ, որ նախընտրել էր Ադրբեջանի հետ սահման հրավիրել ոչ թե ՀԱՊԿ ուժերին, այլ առաքելություն Եվրոպական միությունից։ Ընդ որում՝ ոչ ոք իրեն նեղություն չէր տալիս հստակ փաստարկներ բերելու՝ ինչով էր ՀԱՊԿ-ն ավելի լավը, քան ԵՄ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը, ՌԴ ԱԳՆ-ն փորձեց կրկին փաթաթել «ինքդ ես մեղավորը» ոգով իր տեսակետը։
«Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետեւողական դիրքորոշման հետեւանքով, որը նախընտրում էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն խույս տալ եւ վազել դեպի Արեւմուտք, 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործումը կանգ է առել»,— ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Եվ նույնիսկ վերջին ճեպազրույցում Մարիա Զախարովան հերթական անգամ Երեւանին ամաչեցրեց Արեւմուտքի հետ չափազանց սերտ շփումների համար, որոնք, իհարկե, լավ բանի չեն հանգեցրել:
«Միգուցե նրանք հավատում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից, Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան առաջարկել։ Կարծում եմ, որ միշտ արժե նայել նախորդ փորձին՝ ե՛ւ ձեր սեփական, ե՛ւ ձեր հարեւանների: Սա օգտակար է։ Մենք բոլորս տեսանք, թե ինչի հանգեցրին ԵՄ-ի հովանու ներքո անցկացված հանդիպումները, այդ թվում՝ Պրահայում եւ Բրյուսելում։ Երեւի հայ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ չէ, քանի որ նրան ամեն ինչ չէ, որ տեղեկացնում են»։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը