79 տարեկանում կյանքից հեռացել է Ղարաբաղյան շարժման, նորանկախ Հայաստանի պետականության կայացման գործում մեծ ավանդ ունեցած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
Ծնունդով երեւանցի Բաբկեն Արարքցյանը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արարքցյանը 1977-1990 թվականներին որպես դոցենտ եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ աշխատել է ԵՊՀ-ում:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:
1991-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ նախագահ։ 1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ միաժամանակ։
2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել էր «Արմատ» հասարակական կազմակերպությունը։