Դեկտեմբերի 13-ին Երեւանը եւ Բաքուն քննարկել են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։
Դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։ Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն: Նրա համոզմամբ՝ առաջարկի ընդունվելու դեպքում այդ քայլը դրական ազդեցություն կունենա եւ կօգնի կանխելու լարվածության նոր հնարավոր սրացումները։
«Չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ գերիների փոխանակման հարցում որեւէ փոփոխություն չի եղել, ամեն ինչ ընթանում է ըստ պայմանավորվածությունների։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջեւանի եւ Ղազախի շրջաններում, տեղի է ունենում հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։