«Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում»,- դեկտեմբերի 13-ին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նա հավելել է՝ բանակցություններն այդ հարցի շուրջ Եվրամիությունը շարունակում է Բաքվի ղեկավարության հետ։
«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը». այս հարցին ի պատասխան՝ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ չի ուզում խորանալ մանրամասների մեջ: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։
Միշելը նշել է, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, եւ նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ «Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Միշելը։