ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ ամանորյա տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից, սկսում է վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում եւ արտադրություններում։ Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով Հայաստանում արդեն երեք տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:
ՍԱՏՄ-ն հորդորում է միս-մսեղիք գնելիս պահանջել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձեւ 5 վկայականը: Ըստ ՍԱՏՄ-ի՝ Ձեւ 5 վկայականը փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության եւ անվտանգ է:
ՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս չբավարարվել վկայականը ներկայացնելու պահանջով եւ գնման ենթակա մսի վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ համեմատե՛ք Ձեւ 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի եւ վկայականի համարները պետք է համընկնեն:
«Կտրատված եւ սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձեւ 5 վկայականի եւ մսի դրոշմակնիքի հետ: Պահանաջատե՛ր եղեք, պայքարե՛ք ձեր առողջության համար, թույլ մի՛ տվեք՝ ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի եւ թարմության միս:
Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարե՛ք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով եւ տեղեկացրե՛ք դրա մասին՝ նշելով վաճառակետի հասցեն: Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: