ԱԺ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, ամենայն հավանականությամբ, խորհրդարան կմտնի մյուս տարի: Օրինագծի առաջին ընթերցումն անցկացվել է դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստում: Ըստ «Հրապարակ»-ի՝ ՔՊ-ականներն օրինագիծը միանշանակ չեն ընդունել եւ մտադիր են էական փոփոխությունների ենթարկել:
Պատգամավորն առաջարկել է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ազատվելու քրեական պատասխանատվությունից: Դրա համար նա առաջարկում է ընտրել հինգ տարբերակից մեկը.
- երկու տարի ծառայել,
- 1 տարի ծառայել եւ պետբյուջե վճարել 2․5 միլիոն դրամ,
- 6 ամիս ծառայել եւ պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ,
- 1 ամիս ծառայել եւ վճարել 10 միլիոն դրամ,
- վճարել 15 միլիոն դրամ (եւ չծառայել բանակում)։
Ըստ թերթի աղբյուրների՝ ՔՊ-ն ուզում է առնվազն 6 ամսվա ծառայությունը պարտադիր դարձնել։ Միաժամանակ նշվում է, որ ԱԺ-ում իշխանական մեծամասնությունը հակված է վերջին երկու կետը հանել նախագծից։