ՀՀ–ն պատրաստակամ է բացելու երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դեկտեմբերի 14-ին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ սահմաններն ավելի քան 30 տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ են, այդ պատճառով ՀՀ իշխանությունները շատ են քննարկում տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում բացելու երկաթուղային հաղորդակցությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ նախկինում գործող երկու երկաթուղիների միջոցով` հյուսիսային ուղիով, որը կապում է Ադրբեջանի Ղազախի շրջանը ՀՀ Տավուշի մարզի հետ, եւ հարավային ուղին, որը Ադրբեջանի արեւմտյան շրջանները մյուսների շարքում կապում է Նախիջեւանի Ինքնավար մարզի հետ։
«Մենք նույն պատրաստակամությունը հայտնում ենք նաեւ Հայաստան–Թուրքիա երկաթուղին բացելու առումով»,- ընդգծել է Փաշինյանը եւ հավելել, որ նույնը վերաբերում է նաեւ հյուսիսը հարավի հետ, արեւմուտքը արեւելքի հետ կապող ավտոճանապարհներին։
Ըստ Փաշինյանի` տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։ Նա ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները վերանայում են տրանսպորտային հաղորդակցությունների դերակատարումը, քանի որ դրանք կարեւոր են ինչպես ապրանքների ու մարդկանց տեղափոխման, այնպես էլ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ապահովման համար։
Տրանսպորտային ծախսերը 2 անգամ շատ են. Բոթսվանայի արտգործնախարար
Երեւանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ Բոթսվանայի արտգործնախարար Լեմոգանգ Կվապեն նշել է, որ դեպի ծով ելք չունեցող երկրները տրանսպորտային ծախսերի համար 2 անգամ ավելի շատ են վճարում: «Տրանսպորտային մեծ ծախսերը խաթարում են զարգացման ընթացքը ու կրճատում տնտեսական աճը»,-ընդգծել է Բոթսվանայի արտգործնախարարը:
Ներկայում դեպի բաց ծով ելք չունեցող 44 պետություն կա
Դեպի բաց ծով, մասնավորապես, դեպի Համաշխարհային օվկիանոս ելք չունեցող ամենաշատ պետությունները Աֆրիկայում են՝ 16 պետություն եւ Եվրոպայում՝ 14 պետություն։ Ասիայում 12 պետություններ ելք չունեն դեպի բաց ծով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 2: Տարածքով ամենամեծ պետությունը, որը սահմանակից չէ Համաշխարհային օվկիանոսին, Ղազախստանն է (2,724,900 քառ. կմ): Ղազախստանին հետեւում է Մոնղոլիան (1,566,500 քառ. կմ), Չադը (1,284,000 քառ. կմ), Նիգերը (1,276,000 քառ. կմ), Մալին (1,240,000 քառ. կմ), Եթովպիան (1,104,300 քառ. կմ) եւ Բոլիվիան (1,098,581 քառ. կմ):