Դեկտեմբերի 14-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը։
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի՝ այսպիսով հաստատվում է ՀՀ–ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ՀՀ–ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը։
Նա նշել է, որ հանձնաժողովների նախագահների միջեւ համաձայնությամբ կորոշվեն նիստերի անցկացման վայրն ու ժամը: Նիստերը հաջորդաբար կանցկացվեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաեւ տեսակոնֆերանսի ձեւաչափով։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ աշխատակարգը դեռեւս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։ Հաջորդ փուլում մշակվելու է մեկ այլ կանոնակարգ: Ըստ փոխվարչապետի՝ այն ավելի բովանդակային կլինի ու դրանով նաեւ մեթոդաբանությունն է նկարագրվելու՝ սահմանելու, թե «ինչ ենք հասկանում քարտեզ ասելով եւ ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով»։
Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ, եւ կապահովվի անվտանգությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը եւս դեկտեմբերի 14-ին համարժեք որոշում է ընդունելու։