Երեկ երկրային կյանքին հրաժեշտ տվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
Որեւէ խոսք, որեւէ գնահատական Արարքցյան քաղաքական գործչի մասին, կարծում ենք, ավելորդ կլինի։ Նրա եւ Կոմիտեի մյուս անդամների գործունեությունը 1988-ից ի վեր մշտապես եղել է տեսադաշտում։ Գնահատվե՞լ է, չի գնահատվել, մոռացվել կամ միտումնավոր մոռացությա՞ն է մատնվել. այլ հարց է։ Հայաստանի նորագույն պատմության խեղաթյուրման, առաջին տարիների ձեռքբերումների ուրացման մասին շատ է գրվել ու խոսվել, այսօր դրա ժամանակն ու տեղը չէ։
«Ալիք Մեդիան» ներկայացնում է երկու տեսանյութ։ Առաջինը Բաբկեն Արարքցյանի ելույթն է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 28-ի նիստում, երբ քննարկվում էր անկախության հանրաքվե անցկացնելու հարցը։ Երկրորդը նույն թվականի սեպտեմբերի 21-ին է, երբ Արարքցյանն արդեն ներկայացնում էր անկախության հանրաքվեի արդյունքը։
Այս երկուսը միակցել ենք ցույց տալու համար այդ ժամանակվա գործիչների հաշվարկելու ճշգրտությունն ու քաղաքական կուրսի հետեւողականությունը։